Ջավախքցի ազատամարտիկի կիսանդրու ապամոնտաժման հարցը Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը փետրվարի 5-ին մեկնարկեց խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ամենամյա զեկույցով: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով համամասնական կարգով ընտրված Ազեր Սուլեյմանովը խորհրդարանի նախագահին հարց է ուղղել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերջերս վերաբացված Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբերյալ:

Պատգամավորի խոսքերով՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում կատարվածը նպատակաուղղված սադրանք էր Վրաստանի դեմ․ «Միքայել Ավագյանը Ադրբեջանի և Վրաստանի թշնամին է»: Նա նշել է նաև, որ արձանի վերաբացման արարողությանը ներկա են եղել «Վրացական երազանքի» պատգամավորները և շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: Ազգությամբ ադրբեջանցի պատգամավորը հանրության անունից խորհրդարանի նախագահից հարցրել է, թե երբ է տեղի ունենալու «Վրաստանի ադրբեջանցի ժողովրդի թշնամու» արձանի ապամոնտաժումը:

Իրակլի Կոբախիձեն Ախալքալաքի դեպքը որակել է թյուրիմացություն, որը լուրջ անհարմարություն է առաջացրել:

«Իհարկե, վրաց պետությունն ունի սահմանած հստակ դիրքորոշում մեր հարևան երկրների նկատմամբ: Մենք հարգում ենք մեր հարևան երկրների շահերը և գործում դրանց համապատասխան, եթե կա անհրաժեշտություն և այժմ կա դրա անհրաժեշտությունը: Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ և միասին կընդունենք այնպիսի որոշում, որը կծառայի մեր հարևանների հետ խաղաղ իրավիճակի պահպանմանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հատկանշական է, որ փետրվարի 5-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի առջև պետք է տեղի ունենար բողոքի ակցիա` Միքայել Ավագյանի արձանի ապամոնտաժման պահանջով, սակայն փետրվարի 5-ի նախօրեին կազմակերպիչներից մեկը սոցիալական ցանցում հայտնել է ակցիայի չեղարկման մասին՝ պատճառաբանելով, թե  Թբիլիսիի քաղաքապետարանը չի արտոնել ակցիայի անցկացումը։

Հիշեցնենք, որ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին վերաբացվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին։