ԵՄ երկրների ղեկավարները դրական գնահատական են տալիս Վրաստանին

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Եվրոպական խորհրդի Վրաստանին առնչվող նիստի մեկնարկից առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ «Վրաստանի վիճակը լավ է»։

«Ձեր առումով ամեն ինչ կարգին է, ձեզ բոլորը սիրում են»,- ասել է Օրբանը։

Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի առնչությամբ Օրբանն ասել է, որ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Ուկրաինան չի կատարել իրեն ներկայացված յոթ առաջարկներից երեքը։

«Ուստի հիմա Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու հիմք չկա։ Մենք պետք է վերադառնանք այս հարցին այն բանից հետո, երբ Ուկրաինան կատարի պայմանները»,- ասել է Օրբանը։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ևս իր գնահատականն է տվել այս հարցի շուրջ.

«Իմ վրացի ընկերներն իսկապես շատ բան արեցին բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այո, միշտ կան որոշակի հարցեր, որոնք պետք է քննարկվեն ապագայում, սակայն այսօր մենք ունենք այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կարող ենք կայացնել որոշումներ ոչ միայն Ուկրաինայի և Մոլդովայի, այլև Վրաստանի պարագայում»:

Նշենք, որ այս օրերին՝ դեկտեմբերի 14-15-ը, Բրյուսելում ընթանում է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։