ԵՄ-ն վրաստանյան զարգացումները չի անտեսի․ Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքով՝ Վրաստանում ստեղծված իրավիճակը աննկատ չի մնա Եվրամիության կողմից։

«Վրաստանյան զարգացումները աննկատ չեն մնա։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վատթարացումը, նրան օգնելու կառավարության արձագանքը բանավեճի առարկա կդառնան», — Բրյուսելում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ վրացի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լանդսբերգիսը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 46 օր է, ինչ հացադուլի մեջ է։ Նա օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտարարել է, որ բանտային հիվանդանոցը չի համապատասխանում բժիշկների խորհրդի կողմից արված պահանջներին: Չնայած բժիշկների կոչերին՝ կառավարությունը նախկինի պես հրաժարվում է Սահակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Նոյեմբերի 11-ին քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Առաջինում, որը ձայն չունի, երևում է, թե ինչպես են Սաակաշվիլիին բռնի կերպով տեղափոխում։

Երկրորդ տեսանյութն արվել է նրան բանտ տեղափոխելուց առաջ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Սաակաշվիլին խնդրում իրեն հետ տանել Ռուսթավիի բանտ՝ հրաժարվելով ինքնակամ մտնել բանտային հիվանդանոց։

Օմբուդսմենի գրասենյակը կտրականապես անընդունելի է համարել Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների հրապարակումը՝ կոչ անելով Արդարադատության նախարարությանը և հատուկ քրեակատարողական ծառայությանը դադարեցնել նմանատիպ տեղեկատվություն պարունակող տեսագրությունների տարածումը։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր