Վրաստանում ԵՄ պատվիրակությունն իր համերաշխությունն է հայտնել Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին։
Պատվիրակությունը նաև գրել է, որ Եվրամիությունը դատապարտում է Վրաստանում նրա գործունեության և դերի մասին ապատեղեկատվությունը։
«Մեր համերաշխությունն ենք հայտնում Վրաստանում Գերմանիայի դեսպանին։ ԵՄ-ն մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ-ի և դրա անդամ պետությունների դերի և գործունեության մասին ապատեղեկատվությունը», — գրել է ԵՄ պատվիրակությունը։
Ավելի վաղ Շալվա Պապուաշվիլին ասել էր, որ Գերմանիայի դեսպանի աջակցությամբ «տիտուշկաները» հարձակվել են «Վրացական երազանք»-ի Թբիլիսիի Կախա Կալաձեի նախընտրական շտաբի վրա։
Հիշեցնենք. երեկ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել էր, որ դատապարտում է Գերմանիայի դեսպանի հասցեին ուղղված «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը։
«Մենք կտրականապես դատապարտում ենք Գերմանիայի դեսպանի հասցեին ուղղված «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը։ Գերմանիայի դեսպանը Թբիլիսիում ներկայացնում է Գերմանիայի դաշնային կառավարության դիրքորոշումը։ Գերմանիան կրկին կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել Եվրամիության և Գերմանիայի դիրքորոշումների և քաղաքականության մասին կեղծ տեղեկությունների տարածումը և փոխել ներկայիս քաղաքական կուրսը», — ասված է հայտարարության մեջ։