Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը ժողովրդավարության «լուրջ հետընթացի» պատճառով, իսկ առաջարկությունների իրականացման վերջնաժամկետը սահմանված էր օգոստոսի վերջը։
Վրաստանի քաղաքական շրջանակին, վերլուծաբաններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին և հասարակության այլ ներկայացուցիչների անհանգստացնում է այդ հեռանկարը: Նրանց կարծիքով՝ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի հասարակությանը: Հասարակության տարբեր անդամներ ընդգծում են՝ «Վրացական երազանք»-ը դեռևս չի կատարել ոչ մի առաջարկություն` դրանով իսկ գործնականում դատապարտելով հարյուր հազարավոր վրացի քաղաքացիների աղքատության, անապահովության և բուժման բացակայության։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ ռիսկերը լուրջ են, և չի բացառվում, որ վիզայի ազատականացման ռեժիմը կասեցվի։ Նրա դիտարկմամբ՝ առանց վիզայի ռեժիմն առավելություն է, որը երկիրը ստանում է` զարգացնելով գործընկերությունը Եվրամիության հետ. ըստ նախկին հանրային պաշտպանի՝ եթե այդ գործընթացը կասեցվի, Վրաստանի ձեռք բերած այլ արտոնությունները նույնպես կարող են չեղարկվել։
«Իրատեսական է այն հեռանկարը, որ ԵՄ-ն կարող է կասեցնել վիզայի ազատականացումը, չնայած հույս ունեմ, որ Եվրամիությունը հաշվի կառնի վրաց բնակչության կարծիքը և, ի վերջո, նման որոշում չի կայացնի։ Վրաստանը հնարավորություն ուներ իրականացնելու առաջարկությունները, բայց կառավարությունը շահագրգռված է երկրի մեկուսացմամբ և ռուսական ազդեցության ուժեղացմամբ, ահա թե ինչու «Վրացական երազանք»-ը համառորեն չի իրականացնում պահանջները»,- նշեց նա:

Մասնավորապես, ԵՄ պատվիրակությունը հայտարարել էր, որ «Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտում առանց վիզայի ռեժիմը 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ավտոմատ կերպով չի վերացվի», թեպետ 2025 թվականի օգոստոսի 31-ը վերջնաժամկետն էր, որի ընթացքում «Վրացական երազանք»-ը պետք է ներկայացներ թարմացված տեղեկատվություն վիզայի կասեցման մեխանիզմի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի 7-րդ զեկույցում նշված առաջարկությունների կատարման վերաբերյալ և ձեռնարկեր համապատասխան միջոցներ մատնանշվող խնդիրները լուծելու համար։
Հունիսի կեսերին հայտնի դարձավ, որ Վրաստանի ժողովրդավարության «լուրջ հետընթացին» ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովը քննարկում է առանց վիզայի ճանապարհորդության կասեցման հարցը։ Այս որոշումից խուսափելու համար հանձնաժողովն առաջարկություններ էր հրապարակել և իրականացման վերջնաժամկետը սահմանել օգոստոսի վերջը։
Ինչ է գրված ԵՄ առաջարկություններում
Նամակում նշված է, որ Հանձնաժողովը կքննարկի առաջարկությունների իրականացումը վիզաների կասեցման մեխանիզմի վերաբերյալ հաջորդ զեկույցի շրջանակներում։
Ներկայացված առաջարկություններից են.
- Ապահովել և պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ներառյալ հավաքների, խոսքի և միավորումների ազատությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը։
- Կանխել և չեղյալ համարել ցանկացած օրենսդրություն, որը սահմանափակում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում է եվրոպական ու միջազգային չափանիշներին։
- Վրաստանի վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ-ի վիզային պահանջներ ունեցող երկրների ցանկին,
- Ուժեղացնել ԵՄ երկրներում ապաստան հայցողների անհիմն դիմումների և ԵՄ-ում անօրինական գտնվելու դեմ պայքարը, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի պայմանների վերաբերյալ տեղեկատվական արշավների և սահմանային վերահսկողության խստացման միջոցով,
- Ստեղծել ակտիվների վերականգնման և կառավարման գրասենյակներ և շարունակել ակտիվների հայտնաբերման, սառեցման, կառավարման, առգրավման ջանքերը,
- Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ապահովել դրանց իրականացման համար բավարար ռեսուրսներ և հատուկ ուշադրություն դարձնել բարձր մակարդակի կոռուպցիայի դեպքերի քննությանը, քրեական հետապնդմանը և դատապարտմանը,
- Փոփոխություններ կատարել Հակակոռուպցիոն բյուրոյի մասին օրենքում՝ Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ բյուրոյի անկախության, քաղաքական չեզոքության և գործառույթների վերաբերյալ,
- Համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ԵՄ իրավական շրջանակին։
«Հանձնաժողովը կգնահատի առաջարկությունների իրականացումը հաջորդ զեկույցի շրջանակներում, որը կհրապարակվի մինչև 2025 թվականի վերջը: Այս գնահատման հիման վրա անվիզա ռեժիմի կասեցման վերաբերյալ հնարավոր որոշումը կկայացվի նախապես սահմանված բազմափուլ գործընթացի համաձայն՝ ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների մասնակցությամբ», — նշված է ԵՄ դեսպանատնից ստացված նամակում:
Հատկանշական է, որ «Վրացական երազանք»-ն իր զեկույցը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել օգոստոսի 31-ին՝ վերջնաժամկետի վերջին օրը։
«Վրացական երազանք»-ն իր 55 էջանոց պատասխանում պնդել է, որ «ցույց է տալիս իր ամուր հանձնառությունը եվրոպական ինտեգրմանը»։
Ինչ է գրված «Վրացական երազանք»-ի զեկույցում
Եվրոպական հանձնաժողովին Բրյուսելում Վրաստանի դեսպան Վախթանգ Մախարոբլիշվիլիի ուղարկած նամակի և համապատասխան զեկույցի մասին «Ազատություն» ռադիոկայանը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել։
Ըստ լրատվամիջոցի` դիվանագետը (Վախթանգ Մախարոբլիշվիլի) պնդել է, որ Թբիլիսին «հաստատակամ է նվիրված եվրոպական ինտեգրմանը, որը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների սկզբունքների վրա»։
Մախարոբլիշվիլիի նամակն ուղղված է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավար Բեատե Գմինդերին, որը հուլիսի 14-ին դիմել էր արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Զեկույցում կառավարությունը պնդել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի վերջն իրականացրել է
- «մի շարք միջոցառումներ քաղաքացիական և քաղաքական իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության, տեղեկատվության հասանելիության, հավասարության և ընդգրկունության պաշտպանության ու զարգացման, նաև հասարակական կարգի և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ»։
Զեկույցի հեղինակները «դրական արդյունքներ» են թվարկել մի շարք միջազգային, այդ թվում՝ ոչ այնքան հայտնի ինդեքսներում կամ հետազոտական վարկանիշներում: Զեկույցի ֆորմատը (որը սովորաբար ֆորմալիստական և ակադեմիական է) ներառում է այնպիսի քաղաքականացված տերմիններ, ինչպիսին է՝
«Էլիտար ՀԿ-ներ» — «Էլիտար ՀԿ-ները չեն գրանցվել թափանցիկության գրանցամատյանում» և, հետևաբար, FARA-ի ընդունումը դարձել է անհրաժեշտ և այլն:
«Վրացական երազանք»-ը զեկույցում պնդել է, որ FARA-ի ընդունումը դարձել է անհրաժեշտ «ՀԿ-ներին պաշտպանելու» համար, և պետությունն «ակտիվորեն կաջակցի և կհամագործակցի նրանց հետ». ըստ հեղինակների՝ FARA-ն, որը զեկույցում նաև անվանվում է «ամերիկյան մոդելի ճշգրիտ պատճեն», ծառայում է «պետական հաստատությունների գործունեությանն արտաքին միջամտությունը արդյունավետորեն կանխելուն»։
Մինչդեռ հարկ է նշել, որ Եվրոպական միությունը թե’ վերոնշյալ օրենքի ընդունումից առաջ, թե’ հետո կոչ է արել վրացական իշխանություններին չընդունել և չեղարկել օրենքը, քանի որ դա սահմանափակում է հասարակական կազմակերպությունների աշխատանքը և լուրջ հետքայլ է ժողովրդավարական ուղուց:
Արձագանք Բրյուսելից
«Վրացական երազանք»-ի զեկույցի մասին Բրյուսելում ԵՄ պաշտոնյան, որն օգտվել է անանունության իրավունքից, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը նամակ է ուղարկել, բայց «պատասխանները հիմնազուրկ են եղել»։
«Նրանք չեն արձագանքել մեր մտահոգություններին, մեզ հիմնազուրկ պատասխաններ են ուղարկել», — ասել է նա՝ հավելելով, որ նամակը չի անդրադառնա Բրյուսելի մտահոգությունների վրա։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, խոսելով վիզայի ազատականացման դադարեցման մասին, նշեց՝ ԵՄ-ն կգնա առանց վիզայի ռեժիմի չեղարկման օրակարգով, որն անհրաժեշտ է, քանի որ «բռնապետությունների հետ Եվրոպական միությունը չունի վիզայի ազատականացում և չպետք է ունենա».
«Այդ նիստը, որտեղ պետք է որոշում կայացվի, տեղի կունենա մոտավորապես հոկտեմբեր ամսին. կարծում եմ, հավանականությունը, որ ԵՄ-ն կկայացնի որոշում և կկասեցնի առանց վիզայի ռեժիմը՝ շատ բարձր է: Սա, իհարկե, ցավալի է, բայց քանի դեռ Վրաստանում բռնապետությունը շարունակվում է, Հյուսիսային Կորեայի նման երկիրը (նկատի ունի Վրաստանը — հեղ.) չի կարող օգտվել այդ իրավունքից»:
Թումասյանը որպես ԵՄ-ի նման որոշման դրդապատճառ նշեց Վրաստանի կողմից առաջարկությունների չկատարումը. նրա խոսքով՝ Վրաստանը չպահպանեց մարդու հիմնարար իրավունքների վերականգնման և պահպանման ԵՄ-ի պահանջը, նաև չդադարեցին հակաեվրոպական և կեղծ նարատիվները։ «Այս ամենն արձանագրել է նաև Եվրոպական միությունը և նշել, որ Վրաստանի ուղարկած զեկույցը որևէ լուրջ ընկալում չի կարող ունենալ»,- հավելեց նա:

Եվրոպամետ ակցիաների ակտիվ մասնակից Գիորգի Մումլաձեն իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 1-ին հետևյալ գրառումն է կատարել.
«Երեկ լրացավ Եվրամիության սահմանած վերջնաժամկետը, երբ Վրաստանի կառավարությունը պետք է կատարեր կոնկրետ պարտավորություններ Վրաստանի ԵՄ-ում առանց վիզայի ճանապարհորդությունը պահպանելու համար։
Իհարկե, ռուսները (նկատի ունի «Վրացական երազանք»-ի կառավարությանը — հեղ.) ոչինչ չարեցին և չկատարեցին որևէ պարտավորություն՝ գործնականում հարյուր հազարավոր վրացի քաղաքացիների դատապարտելով աղքատության, անապահովության և բուժման բացակայության»։
Ըստ ակտիվիստի՝ Վրաստանի քաղաքացիներն այսուհետ իրենց ջանքերը պետք է կրկնապատկեն, որպեսզի որքան հնարավոր է շատ վրացի քաղաքացի կարողանա շոշափելիորեն հասկանալ, թե ինչ չարիք է գործել վրացական ռեժիմը՝ նպաստելով առանց վիզայի ռեժիմի հնարավոր կորստին։
«Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նշել էր, որ վիզայի ազատականացման չեղարկմամբ Վրաստանի քաղաքացիները ոչ միայն կորցնում են Շենգենյան գոտի առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքը, այլև Վրաստանը կորցնում է «քաղաքակրթության հետ ամենօրյա, անմիջական շփման հեռանկարը», ինչը բացասաբար կանդրադառնա նրա զարգացման վրա։
«Վիզայի ազատականացման կասեցման դեմ միայն ճանապարհորդության թեման որպես հակափաստարկ բերելն աննշան է այն փաստի համեմատ, որ Վրաստանը կորցնում է եվրոպական քաղաքակրթության հետ ամենօրյա, անմիջական շփման հեռանկարը, ինչը միջին և երկարաժամկետ հեռանկարում ամենալուրջ ազդեցությունն ու հետևանքները կունենա մեր երկրի ապագայի վրա»,- ասել է Խազարաձեն։
Ավելի վաղ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել էր, որ ԵՄ պահանջների չկատարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վրաստանի կառավարությունը։ Դեսպանը հավելել էր նաև, որ Եվրամիությունն արդեն որոշ չափով կասեցրել է Վրաստանի հետ անվիզա ռեժիմը, ըստ որի` դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերն այլևս չեն կարող ճանապարհորդել առանց վիզայի
«Վրացական երազանք»-ի կառավարությունն էլ Վրաստանի դեմ ԵՄ-ի հետ առանց վիզայի ուղևորությունների կասեցման վերաբերյալ մտադրությունը սադրանք է որակել։
Կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ վիզայի ռեժիմի կասեցման մտադրության պատճառը ոչ թե լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության խմբերի վերաբերյալ ընդունած օրենքների պատճառով է, այլ «շանտաժ» և «սադրանք» է, որին հանրությունը «չպետք է հետևի» և «չպետք է քայլ անի, որը սպառնում է մեր երկրի անվերապահ ոչնչացմանը»։
Հատկանշական է, որ Վրաստանի քաղաքացիները սեպտեմբերի 13-ին նախատեսում են բողոքի երթ՝ ի պաշտպանություն վիզայի ազատականացման պահպանման։
«Վրաստանը գտնվում է Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդության կասեցման շեմին։ Վրաստանի քաղաքացիները կորցնում են ամենակարևոր բարիքը, Վրաստանը թուլանում է, իսկ մեր ընտանիքները մատնվում են ռուսական գերության։ Այս ամենի միակ մեղավորն Իվանիշվիլիի ռուսական ռեժիմն է, որն ամեն ինչ անում է առանց վիզայի ռեժիմը կասեցնելու և Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ապագան չեղարկելու համար»,- գրել են հանրահավաքի կազմակերպիչները:
Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերի 28-ին սկսված եվրոպամետ զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը, «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է տասնյակ նոր սահմանափակող դրույթներ։
Սահմանափակվել են քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այդ թվում՝ խոսքի, արտահայտման, հավաքների և միավորման ազատությունները։