Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերի խոսքով՝ կուսակցությունների արգելման դեմ «Վրացական երազանք»-ի Սահմանադրական դատարան ներկայացրած հայցը «ևս մեկ քայլ է, որը երկիրը հեռացնում է ժողովրդավարությունից և դեպի Եվրամիություն տանող ճանապարհից»։
«Վրաստանում ներկայիս իրավիճակն այսպիսին է. կա 4 ընդդիմադիր կուսակցություն, և դրանցից 3-ը գտնվում են արգելման սպառնալիքի տակ։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ եթե դուք իսկապես այդքան ուժեղ եք ձեր սեփական լեգիտիմության և ժողովրդավարական ջանքերի մեջ, ապա չպետք է սպառնալիք զգաք, ցանկանաք արգելել ձեր հակառակորդներին կամ խափանեք երկխոսությունը։ Այսպիսով, սա «Վրացական երազանք»-ի ևս մեկ քայլն է, որը երկիրը հեռացնում է ժողովրդավարությունից և դեպի Եվրամիություն տանող ճանապարհից», — ասել է Անիտա Հիփերը։
«Ֆորմուլա»-ի լրագրողն Անիտա Հիփերին հարցրել է նաև երկրում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի մասին, ինչին Եվրոպական հանձնաժողովի խոսնակը պատասխանել է.
«Ձերբակալությունները, այդ թվում՝ նախկին պաշտպանության նախարարի ձերբակալությունը, իհարկե, վրացական դատարանների և իշխանությունների գործն են: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանն այս հարցում, մեր նպատակը միշտ եղել է աջակցել Վրաստանին և նրա պետական ինստիտուտների ու դատարանների անկախությանը, որպեսզի այդ պետական ինստիտուտները զերծ լինեն քաղաքական միջամտությունից: Այս առումով ցավալի է, որ իշխանությունները որոշել են չօգտվել մեր աջակցությունից և գնալ այլ ուղղությամբ», — ասել է ԵՄ խոսնակը։
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ կուսակցությունների գործունեության արգելման պահանջով։