Երեւանի քաղաքապետը Թբիլիսիում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Թբիլիսիում է՝ մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսիոբայի կապակցությամբ: Տոնական միջոցառումների շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Երևանի, Խարկովի և Բիշքեկի գործընկերների հետ: Հյուրերը շնորհավորել են Կալաձեին ու հրավիրել իրենց քաղաքներ: Քննարկվել են կողմերի համագործակցության խորացման հեռանկարները:

Իր ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետ Հայթ Մարությանը գրում է.

«Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։
Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երեւան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։

Շնորհավորում եմ չքնաղ Թբիլիսիի մեր ընկերներին քաղաքի տոնի կապակցությամբ, արեւշատություն ու բարգավաճում եմ մաղթում։ Վստահ եմ՝ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների միջեւ հարաբերությունները է՛լ ավելի են զարգանալու բոլոր ուղղություններով»,- նշված է գրառման մեջ:

Մարությանը գրառումն ավարտել է վրացերենով` #გილოცავთ_თბილისობას «Շնորհավոր Թբիլիսի» բառակապակցությամբ: