Երեք նախագահների հանդիպման առաջարկը՝ քաղաքական քննարկման առիթ

ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը Վրաստանում ներառական գործընթաց սկսելու վերաբերյալ քննարկումների առիթ դարձավ ինչպես նախագահների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների մակարդակով:

Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ նախագահ Զուրաբիշվիլին իրավիճակը լիցքաթափելու համար ռեսուրս չունի:

«Եթե ​​ինչ-որ մեկին հաջողվի փոխել «Ազգային շարժման» հռետորաբանությունն ու վերաբերմունքը, ընդունել մեղքը և դուրս գալ քաղաքականությունից, ապա կարելի է ասել, որ հաշտության փորձը հաջողված է, չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է դա անել»,-հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի, եթե ​​«Ազգային շարժումն» արժանապատվություն ունենար, կհեռանար քաղաքականությունից:

«Այս քաղաքական ուժը և նրա ղեկավարները պետք է խոստովանեն իրենց կատարած ահավոր հանցագործությունները, ներառյալ խոշտանգումները, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքը, հողազավթումը, լրատվամիջոցների գրավումը, բիզնեսի ռեկետը և այն: Այնուհետև պետք է ասել, որ նման հանցագործություններ կատարող քաղաքական գործիչները քաղաքականության մեջ տեղ չունեն»,-ասել է Իրակլի Կոբախիձեն։

«Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն նշել է այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են լուծել՝ Զուրաբիշվիլիի նախաձեռնությունն իրականացնելու համար։

«Ես չգիտեմ, թե որքանով են անկեղծ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերը հաշտեցման և համախմբման մասին, բայց ես կցանկանայի, որ նա խաղա այս պատմական դերը։ Սա էական նշանակություն ունի Վրաստանի եվրոպական ապագայի համար»,- ասել է Խատիա Դեկանոիձեն՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ դրա համար անհրաժեշտ է մտածել և գործել դատական ​​համակարգի ապաքաղաքականացման ուղղությամբ, կամք իրական դատական ​​բարեփոխումների համար: 

Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն է հայտնել  «Ժամանակն է» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։

«Ես պատրաստ եմ միանալ նախագահի նախաձեռնությանը։ Հասկանալի է, որ վստահությունը զրոյական է: Հասկանալի է, որ քաղաքական հետապնդումներով, կասկածանքով, ընտրակեղծիքներով, շանտաժով ոչինչ չի ստացվի, բայց առանց բոլոր բարդույթների, ես պատրաստ եմ հնարավորություն տալ դրան և ընթացքում ցույց տալ, թե իրականում ով ինչի է գնում։ Նախագահն ունի ներում շնորհելու լծակներ, նա կարող է ամրագրել իր դիրքորոշումը ընթացիկ քաղաքական գործընթացների, ԶԼՄ-ների, խորհուրդների վրա ճնշումների և այլնի վերաբերյալ»,- ասել է Խոշտարիան։

Նախագահի նախաձեռնությունը կարևոր է համարում նաև «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն, սակայն հույս հայտնելով, որ դրանք պարզապես «դատարկ խոսքեր» չեն:

«Կարևոր է Վրաստանի նախագահի նախաձեռնությունը՝ լայն երկխոսություն սկսել հասարակության մեջ, փորձել երկիրը դուրս բերել տնտեսական և սոցիալական այս ծանր վիճակից։ Երկխոսությունն այլընտրանք չունի, մենք ունենք մեկ հայրենիք, պարտավոր ենք ամեն ինչ անել նրա հաջողության համար»,- ասել է Մամուկա Խազարաձեն։

Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությունը ճիշտ է համարում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին, սակայն, տարակուսանք հայտնելով, թե ով, ինչպես և ինչ ճանապարհով է ղեկավարելու գործընթացը, որը կարող է որոշակի արդյունքներ ունենալ։

«Եթե նախագահն օգտագործի իրեն տրված սահմանադրական լիազորությունները՝ համաձայնագրի ուղղությամբ կոնկրետ քայլ անելու համար, ես միայն կողջունեմ դա»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովում խոստացել է, որ Վրաստանում կսկսվի «ներառական գործընթաց, համազգային երկխոսություն՝ ներգրավելով ողջ համայնքը՝ նորագույն պատմության ընդհանուր ըմբռնում ձեռք բերելու, ցավը հաղթահարելու և առաջ շարժվելու համար»։

Սաակաշվիլին պատասխանել էր, որ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է, որ կողմերը նստեն կլոր սեղանի շուրջ և դրա համար լավագույն ձևաչափը այսպես կոչված  հարավաֆրիկյան մոդելն է, որտեղ ստեղծվել է Օրենքի և հաշտեցման հանձնաժողովը: Ըստ Սաակաշվիլիի, նման երկխոսությունն այլընտրանք չունի։ 

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ իր հերթին պատասխանել էր Սալոմե Զուրաբիշվիլիի և Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին՝ ասելով, որ երեք նախագահների հանդիպումը «շատ համարժեք» կլինի «ներառական գործընթացն» սկսելու համար։ Մարգվելաշվիլին կարծիքով՝ երեք նախագահների հանդիպումը շատ ադեկվատ մարտավարություն է։

 Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր