Երեկվա օրը համառոտ. հունվարի 12

Հունվարի 12-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 973 909-ի: Վարակի առաջին դեպքերից մինչ օրս մահացել է 14 311 մարդ:

Երեկվա դրությամբ՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով իրականացվել է 2 577 637 պատվաստում։ Երկու դոզայով (ամբողջական) պատվաստվել է չափահաս բնակչության 41,1%-ը։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։ 

Վրաստանի կենտրոնական բանկից տեղեկանում ենք, որ 2022 թվականին կառավարությունը 404,3 միլիոն դոլարի պարտք պետք է մարի։

Թբիլիսիի քաղաքային դատարանը փողերի լվացման գործով որոշում է կայացրել։ Մեղավոր են ճանաչվել TBC բակի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն և գործարար Ավթանդիլ Ծերեթելին՝ դատապարտվելով 7-7 տարվա ազատազրկման, սակայն գործի վաղեմության պատճառով նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից։

Պարզ դարձավ նաև, որ այս Ամանորին չիր և չուրչխելա արտադրող «Չիրչխելա» ընկերության արտադրանքի պահանջարկը մեծ է եղել։ Ընկերության տվյալներով՝ ամենալավը վաճառվել է 562 լարի արժողությամբ հինգ չուրչխելայից պատրաստված փունջը, որի իրական գինը 39 լարի է, սակայն այն վաճառվել է 562 լարիով, ինչը «սև ուրբաթ»-ի համար նախատեսված մարքեթինգային քայլ էր։

«Ալիք մեդիան» ամփոփել է վրացական մամուլի անդրադարձը հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ինտենսիվ փոխհրաձգության և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպի մասին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։ 

Օդերևութաբանները կանխատեսում են՝ մինչև հունվարի 17-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, տեղ-տեղ՝ ուժգին, օդի ջերմաստիճանի էական նվազում, քամու ուժգնացում, լեռներում և բարձրադիր վայրերում առատ ձյուն, մառախուղ և բուք, ծովում 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ, կա ձնահյուսքի վտանգ։