Երեկվա օրը համառոտ. մարտի 29

Մարտի 29-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 647 243-ի: Մեկ օրում արձանագրվել է 698 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 3.12%։ 

Ալերգոլոգ Բիձինա Կոլումբեգովը կոչ է արել հատկապես 50-անց քաղաքացիներին հնարավորինս արագ պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ խթանիչ դեղաչափով, քանի որ նրա խոսքով՝ մարդկությունը դեռևս հեռու է համավարակի ավարտից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկության համաձայն՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ընդգծվել են երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

Միրզոյանին ընդունել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Նշվում է, որ նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի ֆոնին՝ Վրաստանում շատ է խոսվում երկրի չեզոքության (նեյտրալիտետի) մասին: Վրաստանի նեյտրալիտետի մասին մանրամասն՝ այստեղ:

Երեկ՝ մարտի 29-ին Վրաստանի խորհրդարանում կայացավ հերթական լիագումար նիստը, որի ժամանակ խորհրդարանականները քննարկեցին մի շարք հարցեր։ Նիստի կարևոր հայտարարությունները` այստեղ:

Լիագումար նիստին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, պաշտպանության ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Չաչիբայան ի պատասխան ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեի այն հարցին, թե արդյոք Վրաստանը մտադիր է պաշտպանվել ռուսական ագրեսիայի դեպքում՝ ասել է, որ ցանկացած ագրեսիայի դեպքում Վրաստանի պաշտպանության ուժերը կպատասխանեն ագրեսորին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին տարհանման, հայրենիք վերադառնալու և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հարցում։ 

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի։

Ապրիլի 6-7-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Հյուսիսատլանտյան խորհրդի (ՀԱԽ) նիստը արտգործնախարարների մակարդակով։ Միջոցառումը կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, կմասնակցի նաև Վրաստանը:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցում է Իսրայելում տեղի ունեցող «IMTM 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որի պաշտոնական բացումը կայացել է երեկ` Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի կողմից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած 2023 թվականի բյուջեի նախագծով՝ Վրաստանին կտրամադրվի 126 մլն դոլարի օգնություն։ Այդ գումարի հիմնական մասը՝ 88 մլն դոլարը, կուղղվի Վրաստանում բարեփոխումների խթանմանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։ 25 մլն դոլարը կծախսվի Վրաստանի պաշտպանունակությունը բարելավելու համար, ավելին՝ այստեղ:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտով երթևեկելու համար նախատեսված անսահմանափակ բաժանորդագրային (աբոնեմենտային) համակարգի քարտերը կկապվեն հաճախորդների բանկային քարտերին, և նրանք ստիպված չեն լինի կրել առանձին պլաստիկ քարտ։ 

Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում նախագահը ստորագրել է դիվանագիտական ​​ներկայացուցչություններում և միջազգային կազմակերպություններում նշանակվելու համար կառավարության կողմից առաջադրված բոլոր թեկնածությունները։

Ըստ CRRC Վրաստանի կատարած հարցման՝ հարցված բնակչության մեծ մասը՝ 35%-ը, համարում է գործազրկությունը որպես թիվ մեկ խնդիր Վրաստանում։ Դրան հաջորդում է 20 տոկոս աղքատությունը։ 12%-ը կարծում է, որ գնաճը երկրում թիվ մեկ խնդիրն է։ Ըստ ուսումնասիրության՝ վերջին տարիներին նվազել է գործազրկությունը հիմնական խնդիր համարողների թիվը, իսկ աղքատությունն ու թանկացումները հիմնական խնդիր համարողների թիվն աճել է։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ RakutenViber ընկերությունը մուտք է գործում վրացական շուկա և գրասենյակ բացում Թբիլիսիում, որը կենտրոնացած է լինելու բջջային հավելվածների մշակման վրա։ 

Ռուսական Russia Today և Sputnik պետական ​​լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Սուխումի և հանդիպել դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Աբխազիա այցի պաշտոնական պատճառը դե ֆակտո արտաքին գործերի նախարարությանը կից մեդիա կենտրոնի բացումն է։

Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների համար։ ՀԿՀ-ի հաղորդմամբ՝ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։ Մանրամասն՝ այստեղ:

Եվ վերջում՝ մարտի 29-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 5,63 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,1354 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 4,02 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4652 լարի։