Երևանն ու Թբիլիսին քննարկում են գործակցության խորացման հնարավորությունները

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առանձնազրույց է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ, այս մասին տեղեկացնում է ինչպես Վրաստանի արդարադատության նախարարությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։ Առանձնազրույցը տեղի է ունցել Բրեգաձեի ՀՀ այցի շրջանակներում, որի նպատակն էր հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցությունը։

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրություններում՝ Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:

Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը:

Տեղեկության համաձայն՝ ՀՀ արդարադատության Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար:

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար: