Վրաստանի Նինոծմինդա քաղաքում Եսոյանների ընտանիքի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է ավելին, քան պարզապես հեռավոր երկիր։ Աշակերտների փոխանակման FLEX (Future Leaders Exchange) ծրագիրը նրանց համար դարձել է ընտանեկան ավանդույթ՝ ճանապարհ բացելով դեպի նոր մշակույթ, ինքնաճանաչում և անսահման հնարավորություններ։ Այս ուղին առաջինը հարթել է ավագ քույրը՝ Լեյլին, նրան հետևել է Լոլան, իսկ այսօր այդ փորձառությունն է ապրում կրտսեր եղբայրը՝ Գարեգինը։
Առաջնեկի հետքերով․ Լեյլիի ճանապարհը
Ամեն ինչ սկսվեց 2015 թվականին, երբ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լեյլի Եսոյանն անգլերենի ուսուցչուհու խորհրդով որոշեց փորձել ուժերը FLEX ծրագրում։ Նա հաջողությամբ հաղթահարեց բոլոր փուլերը, որոնք, իր խոսքով, ոչ թե գիտելիքներն էին ստուգում, այլ «մարդու տրամաբանությունն ու բնավորությունը»։
ԱՄՆ-ում անցկացրած մեկ տարին Լեյլիի համար լի էր հիշարժան պահերով։ «Կարելի է ասել, որ ամեն ինչ նոր և անծանոթ էր, և ես սիրով փորձում էի՝ նոր ուտեստներ, նոր ապրելակերպ, դպրոց, ոչ ստանդարտ առարկաներ», — հիշում է նա։ Ամենօրյա ընտանեկան ընթրիքներից մինչև ամերիկյան ֆիլմեր հիշեցնող տոներ՝ Halloween, Thanksgiving և Սուրբ ծնունդ։ Սակայն ամենավառ հիշողությունը ավագ դպրոցի ավարտական միջոցառումն էր։ Թեև Լեյլին 10-րդ դասարանում էր, դպրոցը նրան հնարավորություն տվեց քայլել շրջանավարտների հետ և դիպլոմի փոխարեն ստանալ վկայական։ «Այնքա՜ն հաճելի էր այդ պահը, կարծես համալսարանս ավարտեի», — կիսվում է նա։
Ծրագիրը փոխեց ոչ միայն Լեյլիին, այլև նրա ընտանիքի մտածելակերպը։ Վերադառնալով հայրենիք՝ նա դարձավ ավելի ինքնավստահ, լավատես և նպատակասլաց՝ իր շրջապատում դրական փոփոխություններ անելու ձգտումով։
Համառություն և կարեկցանք․ Լոլայի դասերը
Լեյլիի ոգևորիչ պատմությունները չէին կարող անտարբեր թողնել կրտսեր քրոջը՝ Լոլային։ Սակայն նրա ճանապարհն ավելի դժվար ստացվեց։ Առաջին փորձը լարվածության պատճառով անհաջող էր, բայց նա չհանձնվեց և երկրորդ տարին՝ 2019-ին, դարձավ FLEX ծրագրի եզրափակիչ փուլի մասնակից։
Ապագա ատամնաբույժի համար Ամերիկայում ամենաարժեքավոր փորձառությունը ոչ թե ուսումն էր, այլ բարեգործական մի ակցիա՝ «Reggie’s Sleep Out»-ը։ Նահանգի մյուս ֆինալիստների հետ նրանք գումար էին հավաքում անապահով ընտանիքների համար, իսկ ակցիայի վերջին օրը գիշերեցին դրսում՝ ստվարաթղթե տնակներում։ «Նպատակն այն էր, որ մենք նույնպես այդ ամենը զգայինք և գնահատեինք այն, ինչ ունենք։ Դա շատ մեծ դաս էր», — պատմում է Լոլան։
Նա խորհուրդ է տալիս ապագա մասնակիցներին հիշել, որ ծրագրի հիմքում միայն անգլերենի իմացությունը չէ։ «Խորհուրդ կտամ մասնակցել նրանց, ովքեր պատրաստ են մեկ տարի ապրել օտար երկրում, ընդունել նրանց մշակույթը և կիսել մերը»։
Ավանդույթի շարունակողը․ Գարեգինի ներկան
Այսօր Եսոյանների ընտանեկան ավանդույթը շարունակում է 16-ամյա Գարեգինը, որը, քույրերի նման, երկրորդ փորձից է դարձել ֆինալիստ։ Նա այժմ գտնվում է Վերմոնտ նահանգում և արդեն հասցրել է սուզվել ամերիկյան կյանքի մեջ՝ ապրելով գեղեցիկ բնություն ունեցող փոքր քաղաքում, հյուրընկալ ընտանիքի հետ այցելելով Նյու Յորք և նույնիսկ մասնակցելով ամերիկյան հարսանիքի։
Գարեգինը նպատակ ունի այս տարվա ընթացքում ձեռք բերել նոր հմտություններ՝ զբաղվելով իր սիրելի ֆուտբոլով և այլ մարզաձևերով, բայց ամենակարևորը՝ սովորել չհանձնվել և պատրաստ լինել կյանքի մարտահրավերներին։ Նրա խորհուրդը հակիրճ է և ոգեշնչող. «Չհանձնվել, գնալ մինչև վերջ»։
Միասնական հայացք դեպի ապագա
Երեքն էլ՝ Լեյլին, Լոլան և Գարեգինը, մի բանում միակարծիք են․ նրանք երազում են մի օր վերադառնալ ԱՄՆ՝ առաջին հերթին իրենց հյուրընկալ ընտանիքներին այցելելու համար, որոնք մեկ տարով դարձել էին իրենց երկրորդ տունը։ Թեև նրանցից յուրաքանչյուրն իր ապագան այսօր կապում է հայրենիքի հետ, FLEX-ի փորձառությունը նրանց տվել է ավելին, քան պարզապես լեզվի իմացություն ու նոր ընկերներ։ Այն նրանց տվել է աշխարհին բաց հայացքով նայելու, կարծրատիպեր կոտրելու և ցանկացած միջավայրում սեփական տեղը գտնելու կարողություն՝ ապացուցելով, որ մեկ տարին կարող է փոխել մի ամբողջ կյանք։
Հեղինակ՝ Սոնյա Նազարեթյան