Եվրաանդամակցությունն անհրաժեշտություն է. նախագահի ուղերձները Մյունխենից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 16-18-ը մասնակցում էր «Մյունխենի անվտանգության համաժողովին»: Նախագահը համաժողովի ընթացքում և հետո հանդես է եկել Վրաստանի ու տարածաշրջանի համար կարևոր շեշտադրումներով: Համաժողովին մասնակցում էին տասնյակ պետությունների 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, մոտ 50 երկրների առաջնորդներ։

Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունն անհրաժեշտություն է

«Մյունխենի անվտանգության համաժողով»-ում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է՝ «Ավելի խորը, ավելի լայն և ավելի ունակ Եվրամիություն» խորագրով քննարկմանը։ Քննարկման ժամանակ հնչած հարցին, թե ինչու է Վրաստանի համար այդքան կարևոր ԵՄ անդամակցությունը, նախագահը պատասխանել է՝ դա է այսօր Վրաստանի հիմնական ցանկությունը, անվտանգությունը և միակ հեռանկարը, որը միշտ կիսել է Եվրոպական արժեքները:

Սակայն, նրա խոսքով, այսօր ամենակարևորն անվտանգությունն է, որը, ըստ Զուրաբիշվիլիի՝ զգում է նաև Եվրամիությունը։

«Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլիներ այսօր Ուկրաինայի պատերազմը, եթե Լեհաստանը, Բալթյան երկրները, Ռումինիան և Բուլղարիան չլինեին Եվրամիության անդամներ։ Նախկին ընդլայնումը ապահովում էր ԵՄ-ի անվտանգությունը, իսկ ապագա ընդլայնումը մեր մասնակցությամբ լրացուցիչ անվտանգություն կլինի ԵՄ-ի և մեզ համար։ Սա համերաշխություն է, ընդհանուր արժեքներ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը նաև նշել է, որ կա ևս մեկ խնդիր՝ Սև ծովի անվտանգությունը, որի մասին «բավականաչափ չեն խոսում», և Ռուսաստանը շարունակում է իրագործել 2007 թվականին Արևմուտքի՝ Սև ծովին մոտենալը թույլ չտալու իր նախագիծը. «Բոլորս տեսանք, թե ինչ եղավ 2007-ից հետո, 2008-ին՝ Վրաստանը, հետո Ղրիմի թերակղզին, հետո Ուկրաինայի պատերազմը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մեր երկուստեք շահերից է բխում միասին աշխատել՝ կանգնեցնելու Ռուսաստանի՝ Սև ծովում միակ տերությունը դառնալուց: Սա կարևոր է ապագայի և կապի համար, որի կարևորությունը կավելանա առաջիկա տարիներին, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկ անվտանգության համար։ Ուստի մենք պետք է կանխենք դա»:

Հետխորհրդային երկրների համար ՆԱՏՕ-ում լինելը միակ ճանապարհն է դեպի անվտանգություն և պաշտպվանություն

Վրաստանի նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետխորհրդային այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, անդամակցել ՆԱՏՕ-ին նշանակում է՝ ավելի անվտանգ լինել, իսկ Վրաստանն այլ ճանապարհ չգիտի:

ՆԱՏՕ-ին ինտեգրումը ևս կարևոր է

Զուրաբիշվիլին հանդիպել է նաև ԱՄՆ-ի գեներալ Քրիստոֆեր Ջերարդ Քավոլիի հետ: Ըստ նախագահի X-ի գրառման՝ քննարկել են Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին:

«Վրաստանի համար նույնքան կարևոր է, որքան ԵՄ ինտեգրումը: Գեներալ Քրիստոֆեր Ջ. Քավոլիի հետ քննարկել են Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին, առաջընթացը և համագործակցության հնարավորությունները։ Ընդգծվեց Սևծովյան անվտանգության նշանակությունը անվտանգության նոր ճարտարապետության մեջ»,- գրել է նախագահը:

Հանդիպում ԱՄՆ սենատորների հետ

Զուրաբիշվիլին Մյունխենում հանդիպել է ամերիկացի սենատորներ Ջին Շահինի և Թոմ Թիլիսի հետ։ Զուրաբիշվիլիի խոսքով, սենատորների հետ հանդիպման ժամանակ խոսվել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ռուսական ռազմածովային բազա ստեղծելու մասին։

«Ես շնորհակալություն հայտնեցի սենատոր Ջին Շահինին և սենատոր Թոմ Թիլիսին Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մեր ճանապարհին՝ Միացյալ Նահանգներին ցուցաբերած հաստատակամ աջակցության համար:

Մենք նաև քննարկեցինք Սև ծովի անվտանգության հարցը և ընդգծեցինք գրավյալ Աբխազիայում ռազմածովային բազա ստեղծելու Ռուսաստանի տագնապալի անօրինական ծրագրերը»,- X-ում գրել է Զուրաբիշվիլին:

Եվրաինտեգրման գործընթացի քննարկում՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ

Վրաստանի նախագահը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Ժուրովայի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել փոխնախագահին ԵՄ-ի կողմից արված հստակ հայտարարության համար՝ կապված Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու և հանձնարարականների հետ։

«Նախագահի խոսքով, Եվրամիության կարգավիճակի շնորհումը շատ կարևոր է այն պահին, երբ ռուսական քարոզչությունն ակտիվորեն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը և հենակետեր հաստատել Վրաստանում, Եվրահանձնաժողովի այս քայլը ամրապնդեց Վրաստանի բնակչության եվրոպական նկրտումները»:

Վրաստանը Ռուսատան չէ

Նախագահը խոսել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի և ռուսական բանտում օրերս մահացած ընդդիմադիր գործիչ, Վլադիմիր Պուտինի քննադատ Ալեքսեյ Նավալնիի մասին: Նրա խոսքով, հնարավոր չէ համեմատել ռուսական բանտում մահացած Նավալնիին և Վրաստանում բանտարկված Սաակաշվիլիին։

«Չեմ կարծում, որ կարելի է համեմատել… համեմատելու առիթ չկա, հատկապես այս դեպքում, Վրաստանը Ռուսաստան չէ, և ես դա միշտ կկրկնեմ», — ասել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, «Մյունխենի անվտանգության համաժողովը» հիմնադրվել է 1963 թվականի աշնանը, այս տարի լրանում է 60-ամյակը: Համաշխարհային առաջնորդները ֆորումին մասնակցում են ամեն տարի՝ միջազգային անվտանգության ամենահրատապ խնդիրների շուրջ քննարկումների համար: