Եվրոպական հեռանկարի մասին չէինք էլ կարող երազել. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքի մասնակիցներին։

Հանրահավաքից մի քանի րոպե առաջ արված արտակարգ ուղերձում նախագահը խոսել է Եվրահանձնաժողովի որոշման մասին՝ նշելով, որ մինչ այս Վրաստանը չէր էլ կարող երազել եվրոպական հեռանկարի մասին։

«Սա շատ կարևոր և պատմական պահ է մեր երկրի համար։ Մենք բոլորս սպասում ենք որոշմանը, որը մեզ նոր հնարավորություն կտա հետագա զարգացման համար։ Կարծում եմ, որ եվրոպական հեռանկարը, որի առաջարկությունը դրված է հանձնաժողովի որոշման մեջ, շատ կարևոր է։

Ես ուզում եմ անել բոլոր այն քայլերը, որոնք, հուսով եմ, որ մինչև տարեվերջ մեզ կտանեն այն կարգավիճակին, որի մասին այդքան երկար երազում էինք, այսինքն՝ թեկնածուի կարգավիճակ։ Բոլորիս ցանկանում եմ եվրոպական Վրաստան։ Ցանկանում եմ, որ Վրաստանի ուղերձը շատ հստակ լինի, որ մենք բոլորս ցանկանում ենք եվրոպական Վրաստան և եվրոպական հեռանկարներ», — ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին կոչ է արել անել ամեն բան՝ արժանապատիվ եվրոպական երկիր ներկայանալու համար։