Ուկրաինայի և Մոլդովայի նախագահների այն հայտարարությունները, թե Եվրոպան կորցրել է Վրաստանը, և Վրաստանը դարձել է Ռուսաստանի գաղութ, Ռուսաստանը համարում է «արևմտյան կուրատորների քաղաքական պատվեր»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է «արևմտյան կուրատորների պատվերների» մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան կորցրել է Վրաստանին:
ՄԱԿ-ում Ուկրաինայի նախագահի ելույթին կտրուկ արձագանքել է «Վրացական երազանք»-ը։ Կուսակցության խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան ասել է, որ «խամաճիկ» Զելենսկին պետք է «լվանա բերանը և հետո խոսի մեր երկրի մասին»։