Ժաննա Խաչատուրյանը՝ «Ազգային ուսուցչի մրցանակ»-ի մասին

2025 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանը։ Նա նաև Ժվանիայի դպրոցում աշխատում է որպես դասընթացավար, իսկ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում դասախոսում է։

Ժաննա Խաչատուրյանը համալսարանում դասավանդում է արդեն 25 տարի, իսկ դպրոցում՝ 20 տարի։

Բոլոր տեսակի մրցանակների և նոմինացիաների շարքում Ժաննա Խաչատուրյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի Ուսուցչի ազգային մրցանակը։

«Բոլոր տեսակի մրցանակների և նոմինացիաների մեջ կարող եմ առանձնացնել Ուսուցչի ազգային մրցանակը։ Այս նոմինացիան իմ մասնագիտական կյանքում ավելին է նշանակում, քան ուղղակի մրցանակ, սա փաստում է, որ իմ երկար տարիների աշխատանքը գնահատվեց», — ասել է նա:

Թեև ուսանողների և աշակերտների սերը, հարգանքն ինքնին մեծ գնահատանք են, Խաչատուրյանն ընդգծել է, որ մասնագիտական տեսանկյունից արժանանալ գնահատականի՝ այլ մակարդակի վստահություն ու մոտիվացիա է:

«Ճիշտ է, ուսանողների, աշակերտների սերն ու հարգանքը վայելելն արդեն իսկ գնահատական է, սակայն երբ գնահատվում ես մասնագիտական տեսանկյունից, դա այլ բան է և շատ կարևոր։ Հատկապես մեր մարզում, երբ խնդիրներն ու մարտահրավերները շատ են, երբ լեզվի չիմացությունը հավելյալ խնդիրներ է առաջացնում, ուսուցչի աշխատանքը բարդ է, և նման մոտիվացիան կարող է շատ բան նշանակել»:

Ուսուցիչը նշել է, որ այդ նոմինացիան ոչ միայն ուրախություն է բերել, այլ նաև՝ նոր պարտավորություն.

«Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում և՛ աշակերտներիս, և՛ ուսանողներիս առջև։ Սա մեծ պատասխանատվություն է, արդեն ավելի ուշադիր են կողքից նայում՝ արդյո՞ք արժանի էի այդ նոմինացիային։ Կարծում եմ, այս նոմինացիան ինձ նաև կտա ծանոթություն լավագույն ուսուցիչների հետ, ձեռք բերելու համար փորձ ու հավելյալ գիտելիք և փոխանցելու իմ շրջապատին, իմ կոլեգաներին և իմ քաղաքին»:

Նրա համոզմամբ՝ ամենակարևորը նույն տեղում չկանգնելն է. կրթության և ինքնազարգացման ընթացքը մշտապես շարունակական պետք է լինի:

«Նույն տեղում չկանգնելն ամենակարևոր է։ Նույն տեղում մնալը ճահիճ է։ Անընդհատ պետք է ձգտենք կրթվել, անել ավելին, փորձել»։

Հարցին, թե ում հետ է առավել հաճելի աշխատել՝ աշակերտների՞, թե՞ ուսանողների, Ժաննա Խաչատուրյանը տարբերություն չի տեսնում.

«Բուհում վրացերեն եմ դասավանդում, դպրոցում` քաղաքացիական կրթություն, սակայն դպրոցում հազար անգամ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում։ Այնտեղ երեխան դաստիարակվում է, շատ մեծ է դպրոցում ուսուցչի դերը, իսկ բուհում ավելի գործնական հարաբերություններ պետք է պահպանել ուսանողների հետ։ Դպրոցն ու բուհը բալանսավորում են միմյանց իմ կյանքում»:

Խաչատուրյանի սիրելի առարկան քաղաքացիական կրթությունն է, որը դասավանդում է դպրոցում։ Նրա համոզմամբ՝ այդ առարկայի ուսուցչի ուսերին կարևոր առաքելություն է՝ ձևավորել մտածող, գիտակից, պատասխանատու քաղաքացի.

«Այս առարկան բազում ոլորտներ է ներառում։ Ցավոք, իմ դպրոցական տարիքում այս առարկան չկար, և մեր սերունդն ընդհանրապես ավելի շատ ուներ վախի զգացողություն։ Շատ թյուր կարծիքներ էին ձևավորված։ Օրինակ՝ այն, որ ընտրություններին մասնակցելը անիմաստ է, մի ձայնը ոչինչ չի փոխի կամ մի աղբը հավաքելը գլոբալ տաքացումը չի կանխի և այլն։ Եվ հենց սա պետք է փոխի քաղաքացիական կրթության ուսուցիչը` որ մարդը առաջնահերթություն է ժողովրդավարական երկրի համար։ Լավ ընտանիքի մայր, հայր, երեխա դառնալու համար հարկավոր է պատասխանատու քաղաքացի լինել նախ, և հենց դա է կարևոր»:

Նշենք, որ «Լավագույն ուսուցչի ազգային մրցանակ 2025»-ի դափնեկիրը հայտնի կդառնա ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին։

Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։