Օլիմպիական չեմպիոն և «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Զուրաբ Զվիադաուրին ձերբակալվել է անօրինական զենք կրելու մեղադրանքով: Տեղեկությունը Publica-ի հարցմանն ի պատասխան հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Զվիադաուրին կալանավորվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար` զենքի անօրինական ձեռքբերում, պահպանում և կրում։
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ 3-ից 5 տարի ազատազրկմամբ։
Զվիադաուրին ձերբակալվել է նաև 2021 թվականին՝ կանխամտածված սպանության համար: Այնուհետև դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց: 2021 թվականի օգոստոսի 16-ին Ծինանդալի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման ժամանակ զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոններից մեկի՝ Զուրաբ Զվիադաուրիի եղբայրը: Այս գործով ձերբակալվել է նաև Զուրաբ Զվիադաուրին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա հրազենով կրակել է եղբորն սպանողի ուղղությամբ: