Զուրաբիշվիլիի ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում

Իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում:

«Վերջին օրերին, մասնավորապես նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին, իմ զավակներին՝ Թեյմուրազին և Քեթևանին, ինչպես նաև անձամբ ինձ ուղարկվել են SMS և ձայնային հաղորդագրություններ, որոնցում կյանքից զրկելու մասին սպառնալիքներ են հնչում»,-ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահի թեկնածուն համոզված է, որ սպառնալիքների հեղինակները «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականներ են:

«Սպառնալիքներն իրական են, հասկանալի է, թե ովքեր են հեղինակները։ Նրանք նախկին զինվորականներ են, որոնց գրառումներից պարզ է, որ կապ ունեն «Ազգային շարժման» ղեկավարների հետ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: