Ուկրաինայում ձերբակալված Գիա Ցերցվաձեն ազատ է արձակվել

Ուկրաինայի գլխավոր դատախազ  Յուրի Լուցենկոն  ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ազատ  է արձակվել օրեր առաջ Կիևի օդանավակայանում ձերբակալված, Ռուսատանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Գիա Ցերցվաձեն:

«Ուկրաինան իր մարդկանց չի դավաճանում, այդ թվում՝ վրացիներին։ Մեր խոստմանը համաձայն,  Գիա Ցերցվաձեն այժմ ազատության մեջ է»,- գրել է Լուցենկոն՝ հրապարակելով Գիա Ցերցվաձեի լուսանկարը:

Գիա Ցերցվաձեին նրա մարտական ընկերները դիմավորել են ծափահարություններով:

Փաստաբան Քսենիա Պրոկոնովան հայտարարել է, որ Գիա Ցերցվաձեի ազատ արձակմանը զուգահեռ, պետք է աշխատել, որ նա երկրից հեռանա, կանխվի Ռուսաստանին նրա արտահանձնումը:

«Սա նախնական կալանքից ազատ արձակում է։ Ռուսաստանին հանձնելու հարցը կորոշվի արտահանձնման ընթացակարգերի ստուգումից հետո»,-հայտարարել է Մարիա Պրոկոնովան:

Հարցի վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն՝ նշելով, որ  ուկրաինացի իր գործընկերոջից ստացած տեղեկությունների համաձայն՝ մոտ ապագայում կլուծվի նաև արտահանձնման հարցը:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը  Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ շարունակում է ակտիվորեն աշխատել, որպեսզի  վերջնականապես լուծվի Ցերցվաձեի արտահանձնման հետ կապված հարցը»,-հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազը:

Ազատ արձակվելուց հետո Գիա Ցերցվաձեն հանդիպել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխեիլ Ուկլեբային:

Թողնել պատասխան