Հեղափոխության հոտ չի գալիս. Վրաստանում գնահատում են երևանյան իրադարձությունները

Թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն վստահ է՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ Երևանում ընթացող իրադարձությունները հանգեցնեն հեղափոխության:

«Հայ-ռուսական 5-րդ բանակային կորպուսը, որը Երևանի կողքին է տեղակայված, միշտ պատրաստ է ցանկացած հեղափոխություն ցրել: Նա դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ունի, ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական: Եթե, այնուամենայնիվ, հաջողվի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնել, ապա դա կլինի ոչ թե հեղափոխություն, այլ՝ հեղաշրջում»,-Ալիքի հետ զրույցում նշեց Վասաձեն:

Հայաստանում հեղափոխությունը բացառում է նաև հակամարտությունների հարցով փորձագետ, «Կովկասյան տան» տնօրեն Գիորգի Կանաշվիլին: Զուգահեռներ տանելով 2011-ի վրաստանյան իրադարձությունների հետ, Կանաշվիլին նշում է, որ այս փուլում Հայաստանում չկա որևէ մեկը, ով Բիձինա Իվանիշվիլիի (նախկին վարչապետ, Վրաստանի ամենահարուստ մարդը, խմբ․) նման մեծ ֆինանսական միջոցներ ունի։

«Այնպես էլ չէ, որ Արևմուտքն է կանգնած այս ամենի հետևում և ֆինանսավորում է ընդդիմությանը: Այդ պատճառով ընդդիմության հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե փողոց դուրս գան ավելի շատ քաղաքացիներ»,-ասում է հակամարտությունների գծով փորձագետ Գիորգի Կանաշվիլին:

Նա այս ցույցերում ընդգծում է հատկապես երիտասարդության մասնակցությունն ու կարևոր դերակատարությունը՝ նշելով նաև, որ երիտասարդ է նաև բողոքի ակցիաները առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքական դասը նորացվում է: Հույս ունենք, որ  այս ակցիաները խաղաղ շարունակություն կունենան, որովհետև եթե բռնությունը տեղ գտնի, գործընթացի խաղաղ զարգացումը գրեթե կբացառվի»,-ասում է Կանաշվիլին:

Թողնել պատասխան