Վայր, որն այդպես էլ տուն չդարձավ. տեղահանվածները Շահումյանում

Նաթիա Օքրոպիրիձեն մեծացել է Գորիի շրջանի Դիսևի գյուղում։ 2008 թվականի Ռուսաստանի հետ պատերազմից հետո նրա գյուղը հայտնվեց փշալարերի հետևում՝ Ռուսաստանից վերահսկվող տարածքում։ Այդ պատճառով 25-ամյա Նաթիան ընտանիքի անդամների հետ բնակություն հաստատեց Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում։

Շահումյանը մեծ գյուղ է։ Տարիներ շարունակ այն բնակեցված է եղել էթնիկ հայերով։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով, այստեղ ապրում է 3 107 մարդ, որոնց 88 տոկոսն էթնիկ հայեր են, իսկ 12 տոկոսը՝ 2008 թվականի պատերազմից հետո Գորիի շրջանի գյուղերից տեղահանվածները:

Տեղահանվածները գյուղի վերջնամասում՝ առանձին թաղամասում են ապրում: Ասում են, որ բազմաթիվ կենցաղային խնդիրներ ունեն, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։

«Դրանք և՛ բնակարանային խնդիրներ են․ բնակարանները վթարային են, և՛ ջրի (ոռոգման ջրի-հեղ.)։ Գորիի շրջանում, ինչպես գիտեք, հողագործությամբ էինք զբաղվում. այստեղ, չնայած նրան, որ անընդհատ (պտղատու ծառեր-հեղ.) տնկում են՝ չորանում է։ Մինչ օրս էլ ծառեր են տնկում, դրանք չորանում են։ Չեն պատկերացնում կյանքն առանց դրա: Այլ զբաղմունք չեն ունեցել և պարզապես չգիտեն, թե ուրիշ ինչով զբաղվեն»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Նաթիա Օքրոպիրիձեն։

Տեղահանվածների թաղմասում տեսախցիկների առաջ չեն խոսում: Շատերը հրաժարվում են հարցազրույցից։ Տեղացիների խոսքով, 15 տարվա ընթացքում իրենց համար առանձնապես ոչինչ չի փոխվել՝ կենցաղային պայմանները դեռ անտանելի են, բնակավայրում ոչ խանութ կա, ոչ էլ դեղատուն։

2008 թվականին Գորիի շրջանից Շահումյանում 210 ընտանիք է վերաբնակեցվել։ Օքրոպիրիձեն ասում է, որ Շահումյանը մինչ օրս իրենց համար տուն չի դարձել: Ընտանիքների մի մասը տեղափոխվել է այլ վայրեր, իսկ մնացած 75 ընտանիքները դեռ հայրենի գյուղ վերադառնալու հույս ունեն.

«Ոչ մի կերպ չկարողացանք հարմարվել այս միջավայրին։ Սկզբում, երբ հաստատվեցինք, կային գաղափարներ, նպատակներ, բազմաթիվ ծրագրեր, բայց ոչինչ հեռանկար չուներ․ սկսած գործերից ոչ մեկը շարունակություն ու ապագա չուներ։ Շատ շուտով, գրեթե մեկուկես տարի անց, տեսանելի միգրացիա սկսվեց, ներքին միգրացիա։ Ավելի շատ վերադառնում են Գորիի շրջան, կամ վարձով են ապրում Թբիլիսիում։ Այս մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, քանի որ աշխատանք չկա»։

Նաթիա Օքրոպիրիձեն 2019 թվականից ղեկավարում է «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը»։ Ինչը, ըստ նրա՝ գյուղի դպրոցի հետ միասին վրացախոս ու հայախոս բնակչությանը կապող միակ օղակն է։ «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը» հիմնադրվել է 2010 թվականին DVV International-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Կենտրոնի հիմնական նպատակը Մառնեուլիի մունիցիպալիտետում ապրող տեղացիների, էթնիկ փոքրամասնությունների, տեղահանված և էկոմիգրանտ բնակչության զարգացումն ու հզորացումն է՝ նպաստելու նրանց ինտեգրմանը, զարգացնելու աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները:

Սա մի վայր է, որտեղ ապրող երեխաները միասին՝ ինչպես էթնիկ հայեր, այնպես էլ վրացիներ, սովորում են տարբեր արհեստներ, նկարչություն, օտար լեզուներ։

Էդիկ Կամալյանը մեծացել է Շահումյանում: Այսօր նա Թբիլիսիի Իլիայի պետական ​​համալսարանի քաղաքական գիտությունների բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող է։ Ասում է, որ «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը», որտեղ վրացերեն է սովորել, իրեն շատ է օգնել։

Էդիկը հիշում է այն ժամանակները, երբ գյուղում տեղահանվածներ վերաբնակեցրեցին: Ասում է՝ ինտեգրումը դանդաղ ու դժվար էր.

«2008 թվականին ընդունվել եմ Շահումյանի 2-րդ դպրոցի ռուսական սեկտոր (բաժին)։ 2008 թվականի պատերազմից հետո, երբ գյուղում տեղահանվածներ վերաբնակեցվեցին, իմ դպրոցում վրացական սեկտոր բացվեց։ Մենք (էթնիկ հայերն ու վրացիները-հեղ.) դպրոցում միասին էինք սովորում, բայց միջոցառումները հիմնականում առանձին ենք անցկացրել։ Օրինակ՝ առանձին ենք նշել մարտի 8-ը, Ամանորը, Վերջին զանգը: Որոշ ժամանակ անց մենք միավորվեցինք, հիմա ավելի ջերմ ու ընկերական միջավայրում ենք»։

Շահումյանում 3 դպրոց է գործում է, երկուսը հայալեզու են, գտնվում են գյուղի կենտրոնական հատվածներում։ Երրորդը՝ Շահումյանի թիվ 2 դպրոցը, ռուսալեզու է։ Այն գյուղի վերջնամասում է։ Տեղահանվածների վերաբնակեցումից հետո՝ հենց այս դպրոցում է վրացական սեկտոր բացվել, որպեսզի վրացիներն իրենց մայրենի լեզվով կրթություն ստանան։ Էլենե Գուգութիշվիլին, որ վրացական սեկտորի հիմնադրումից ի վեր դպրոցում վրացերեն լեզու և գրականություն է դասավանդում, Շահումյանում ևս 2008 թվականի պատերազմից հետո է հաստատվել։ Վրացերենի ուսուցչուհին ասում է, որ սկզբում ազգությամբ հայ և վրացի աշակերտների շփումը սահմանափակ էր։

«Մոտ 5 տարի անց հետզհետե սկսվեց Շահումյանի հայ և վրացի բնակչության ինտեգրումը»,- ասում է Գուգութիշվիլին։

Շահումյանի թիվ 2 դպրոցում սովորում է 116 աշակերտ, նրանցից 61-ը սովորում է ռուսական, 55-ը՝ վրացական սեկտորում։ Սկզբում վրացական սեկտորում սովորում էին միայն էթնիկ վրացիներ, սակայն հետագայում այս բաժնի նկատմամբ մեծացավ նաև հայալեզու բնակչության հետաքրքրությունը: Գուգութիշվիլին հիշում է, որ «12 տարի առաջ, պատերազմից երեք տարի անց, առաջին անգամ վրացական սեկտոր վրացերեն կրթություն ստանալու համար հայ երեխաներ եկան։ Նրանք արդեն ավարտել են դպրոցը։ Նրանցից երկու ուսանող ունեմ, ովքեր ընդունվել են Թբիլիսիի բուհեր»:

2009 թվականից տեղահանվածների թաղամասում վրացալեզու մանկապարտեզ է գործում։ Ըստ մանկապարտեզի տնօրեն Մադոնա Միքաձեի՝ այս տարի մանկապարտեզ է հաճախում 30 երեխա, նրանց կեսից ավելին ազգությամբ հայ է։ Տնօրենի խոսքով, հայ ծնողներն իրենց երեխաներին վրացական մանկապարտեզ սկսել են բերել 4 տարի առաջ։

Մեր հարցազրույցի մասնակիցների կարծիքով, էթնիկ վրացիների և հայերի ինտեգրումը Շահումյանում դանդաղ տեմպերով բարելավվում է։ Նաթիա Օքրոպիրիձեն կարծում է, որ եթե չլինեին տարբեր հետաքրքրությունները, ինտեգրումը կարող էր ավելի հաջող լինել։

«Շահումյանում ավելի զարգացած է առևտուրը, դեպի Ռուսաստան են գնում։ Մեր ժողովրդի (տեղահանվածների-հեղ.) վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ արմատապես տարբեր է։ Հետևաբար՝ մեր շահերը չեն հատվում, այդ պատճառով՝ չի ստացվում միասին ինչ-որ բան անել։ Հայ բնակչությունը հետաքրքրված չէ պտղաբուծությամբ: Գորիի բնակչության համար՝ առաջնահերթություն է գյուղատնտեսությունը»,- ասում է Օքրոպիրիձեն: