«Ռուսթավի 2» հեռուստաալիքը նոր սեփականատեր ունի

Վրաստանի գերագույն դատարանը հրապարակել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դատավճիռը, որի համաձայն, հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցնում է Քիբար Խալվաշիին:

Գերագույն դատարանը որոշել է չեղյալ համարել «Ռուսթավի 2» ՍՊԸ-ի համասեփականատերեր Լևան Կղարամանաշվիլիի (22%), Գիորգի Կղարամանիշվիլիի (18%), «Վրաստան հեռուստաընկերության» (51%) և Նինո Նիժարիձեի (9%) բաժնեմասերի գրանցումը հանրային ռեեստրում և «Ռուսթավի 2» ՍՊԸ-ի 60% մասնաբաժնի սեփականատեր ճանաչել Քիբար Խալվաշիին, մնացած 40%-ը կտնօրինի «Մանորամա» ՍՊԸ-ն»: Ի դեպ` նշված ընկրությունը ևս պատկանում է Խալվաշիին, հետևաբար նա փաստացի հեռուստաընկերության միակ` 100%-ի սեփականատերն է:

Գերագույն դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հեռուստաընկերության իրավաբանները հայտարարել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Նշենք, որ Վրաստանի գերագույն դատարանի 9 դատավորների մասնակցությամբ նիստն ընթացավ բողոքի ակցիաների ֆոնին: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դատական գործը սկսվել է 2015 թվականի օգոստոսից, երբ նախկին սեփականատերերից մեկը` գործարար Քիբար Խալվաշին պահանջեց իրեն ետ վերադարձնել վաճառված հեռուստաընկերությունը` պատճառաբանելով, թե 2006-ին վաճառքից ստացած գումարն իրեն չի գոհացնում : Քիբար Խալվաշին հեռուստաընկերության սեփականատեր է համարվել 1 տարի, ընկերության բաժնեմասերը վաճառելուց հետո մի քանի սեփականատեր է փոխվել:

Հեռուստաալիքի ղեկավարությունը և մի շարք ընդդիմադիր գործիչներ համոզված են, որ այս գործի ետևում կանգնած են իշխանությունները:

Թողնել պատասխան