Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևի հրամանագրում մասնավորապես ասված է․ «առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109 հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ․

Պատժի կրումից ազատել Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին (1976թ․ ծ․), որը դատապարտվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2017թ․ հուլիսի 20-ին»։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 20-ին Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի դատապարտել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Դատախազն ավելի վաղ պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում։

Մեղադրական ակտից հանվել է 281.2-րդ հոդվածը (պետության դեմ ուղղված կոչեր)։ Դատարանում նշել են, որ քննչական միջոցառումների ընթացքում տվյալ մեղադրանքը չի հաստատվել։ Արդյունքում Լապշինը դատապարտվել է 318.2-րդ հոդվածով՝ (պետական սահմանի ապօրինի հատում)։

Ալեքսանդր Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Բաքու կատարած իր այցելությունների մասին բլոգում քննադատական կարծիքներ է հայտնել Ադրբեջանի մասին։

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված էին քրեական գործեր։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։

Նյութի աղբյուր՝  Civilnet.

Թողնել պատասխան