Այդ նվիրատվությունները չեն կարող ազդեցություն ունենալ. թեկնածուն՝ ընտրակաշառքների մասին (տեսանյութ)

Տեխնիկական թերությունների մասին ահազանգեր ստացվել են նաև Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով Լոռու մարզից առաջադրված թեկնածու Վահրամ Բաղդասարյանի ընտրական շտաբում:

Թեկնածուն լավատես է, ասում է՝ նորամուծությունները միշտ առաջացնում են խնդիրներ: Ընտրակաշառք բաժանելը Բաղդասարյանը որակել է արջի ծառայություն և չի բացառել, որ կարող են նման դեպքեր գրանցված լինել:

«Չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են դերակատարություն ունենալ այս ընտրություններում, քանի որ հնարավորինս կարողացել ենք մատուցել քաղաքացիներին, որ որևէ վերահսկում չի կարող լինել ընտրող քաղաքացու նկատմամբ՝ քվեարկության հետ կապված: Յուրաքանչյոր մարդ ինքն է մնալու խցիկում իր խղճի հետ»:

Բաղդասարյանը ընտրատեղամասերում կուտակումները կապում է միմիայն նորամուծության հետ և հույս ունի, որ դրանք օրվա ընթացքում կկարգավորվեն, իսկ  ընտրական օրենսգրքի փոփոխությունների դրական ազդեցությունը նկատելի է համարում,  չնայած նրան, որ քվեարկելու կարգը ճշտելու համար քաղաքացիները շարունակում են զանգել իրեն. «Իմ բոլոր 192 հանդիպումներում բացատրական աշխատանքներ եմ տարել, սակայն այսօր առավոտ ևս դեռ կան չտեղեկացված քաղաքացիներ»: 

Հարցին՝ հանրապետականը կոալիցիա կկազմի թե ոչ, Բաղդասարյանը կարճ պատասխանեց՝ վաղը առավոտյան կասենք:

Թողնել պատասխան