Անահիտ Բոստանջյան. Ուղեղո՞վ, թե՝ «Google»-ով

Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից հրապարակված հայալեզու թերթի օրինակը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերի հատկապես հայազգի օգտատերերի շրջանում: 16 էջից բաղկացած թերթում տեղ են գտել կուսակցության առաջնորդների կենսագրությունները, ինչպես նաեւ այլ հոդվածներ՝ կապված կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ: 13900343_1243652572335677_5535250527853158812_nԹերթի առաջին էջի գլխավոր վերնագրերից մեկում միանգամից մի քանի տառասխալ կա։ Այսպես օրինակ. «Վռացական երազանք- դեմօկռատական Վռաստան»։

Տառասխալներից զատ, առկա են մի շարք փաստական անճշտություններ։ Օրինակ` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին թերթում ներկայացված է որպես երկրի նախագահ։ մեկ այլ հոդվածում վերջինիս պաշտոնը նշված է որպես՝ «պռէմիէր»:14009804_992240457541359_1611722170_n

Նշված թերթի հետ կապված վրաստանաբնակ բանաստեղծուհի, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը բաց նամակ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

«Սրտի ցավով կարդացի «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի ծրագրի հայերեն թարգմանությունը: Չգիտեմ՝ ո՞վ, ինչպես եւ ինչով ( ուղեղո՞վ թե գուգլով) է թարգմանել, ո՞վ է հրապարակել տվյալ տեքստը: Այն տարածվել է ֆեյսբուքում` որպես ամոթալի թարգմանություն: Պարզապես ամոթ է: Որպես քսանհինգ գրքի թարգմանիչ (վրացերենից հայերեն եւ բազում պարգեւների լաուրեատ, պարզապես չեմ կարող չբողոքել: Խնդրում եմ այս բրոշյուրը վերացնել: Այն լի է անհավանական սխալներով, ամբողջովին անհասկանալի է: Բնական է, կարդացողի ուշադրությունը սեւեռվում է ավելի շատ սխալների եւ ոչ նախընտրական քարոզարշավի վրա»,— գրել է Անահիտ Բոստանջյանը: 13937049_992240900874648_1443195624_n

Թեմային արձագանքել է նաեւ ԵՊՀ արհմիության ղեկավար, ծնունդով Ջավախքից Արմեն Ավետիսյանը: Վերջինն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետեւյալ գրառումը. «Կամ սա մարտնչող անգարագիտության վառ դերսևորում է, կամ էլ բացահայտ արհամարական, վիրավորական ու անլուրջ վերաբերմունք՝ ջավախքցիների և Վրաստանի տարբեր շրջաններում ապրող հայ քաղաքացիների հանդեպ: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդական Վրաստան» քաղաքական դաշինքը հայ ընտրողների համար հայերեն է թարգմանել և 17.500 տպաքանակով տպագրել է իր նախընտրական ծրագիրը»,- գրել է Ավետիսյանը ավելացնելով, որ սրանից կարելի է հետևություն անել, որ «Վրացական երազանք-Ժողովրդական Վրաստան» նախընտրական դաշինքի շտաբում չկա գեթ մեկ հայ, ով տիրապետում է տարրական հայերենին:

Արմեն Ավետիսյանը նշել է· « Վրաստանի իշխող քաղաքական դաշինքը ինչ վերաբերմունք որ ցուցաբերել է խորհրդարանական քարոզարշավի տպագիր նյութերը թարգմանելիս, նույն այդ վերաբերմունքն էլ տարիներ շարունակ ցուցաբերել է տվյալ լեզուն կրող քաղաքացիների հանդեպ»:

«Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի գլխավոր մասնաշենքում կուսակցության մամլո ծառայությունից Ալիքին տեղեկացրին, որ նման օրինակ չեն հրապարակել, և ինչ-որ մեկը դա արել է նրանց փոխարեն: Տեսնելով համացանցում տարածված թերթի լուսանկարները, խոստացան զանգահարել և լրացուցիչ տեղեկություններ փոխանցել խնդրի վերաբերյալ։

Թողնել պատասխան