Աննա Դոլիձեն կառավարությունից բացատրություն է պահանջում

Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար եւ Եվրադատարանում Վրաստանից դատավորի թեկնածու Աննա Դոլիձեն, կառավարությունից բացատրություն է պահանջում, թե ի՞նչ չափանիշներով է որպես ՄԻԵԴ դատավորի թեկնածու ընտրվել Եվա Գոցիրիձեն:

   Ինչպես հայտարարել է Դոլիձեն, գործընթացը տեղի է ունեցել ոչ թափանցիկ կերպով: Նրա համոզմամբ, ինքը ՝որպես մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից, անարդարության զգացում ունի:

«Ինչպես ես, այնպես էլ Վրաստանի բնակչությունը, ակնկալում ենք, որ այն անձինք, ովքեր կայացրել են այս որոշումը, համապատասխան բացատրություններ պետք է տան: Հատկապես, թե ո՞րն է պատճառը, որ մարդու իրավունքների ոլորտի այս կարեւոր պաշտոնում թեկնածուի ընտրության որոշումը տեղի է ունենում փակ դռների ետեւում:

Արդեն իսկ հայտնի է, որ թեկնածուի ընտրությունը տեղի է ունեցել առանց համապատասխան ընթացակարգերի ապահովման եւ բացատրության եւ բնական է, որ այս առիթով հարցեր են առաջ գալիս»,— հայտարարել է Աննա Դոլիձեն:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Վրաստանից ընտրված թեկնածուների ցուցակում Նանա Մճեդլիձեին փոխարինել է Եվա Գոցիրիձեն: Դատավորի թեկնածուների ցուցակը քննարվել է հուլիսի 28-ի կառավարության նիստի ընթացքում: Ինչպես պարզվել է նիստից հետո, ՄԻԵԴ փորձագետները ընդունելի են համարել Ալեքսանդրե Բարամիձեի թեկնածությունը: Ինչ վերաբերվում է Գիորգի Բադաշվիլիին, ապա, չնայած նրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իրավաբան աշխատելու 11-ամյա փորձին, մասնագետները ցանկալի են համարել Բադաշվիլիի` այլ մասնագիտական փորձի առկայությունը: Եվրոպական դատարանի երրորդ թեկնածու Նանա Մճեդլիձեի վերաբերյալ փորձագետները բացասական արձագանք են ունեցել` նշելով, որ վերջինը փորձի պակաս ունի ինչպես արդարադատության, այնպես նաեւ ակադեմիական ոլորտում: Ելնելով նրանից, որ 3 թեկնածուներից բաղկացած ցուցակում պետք է ապահովված լինի հակառակ սեռերի առկայությունը, Վրաստանի կառավարությունը որոշել է, որ միեւնույն մրցույթի արդյունքում ընտրված կին թենածուն է լինելու Եվա Գոցիրիձեն:

Թողնել պատասխան