Ապրիլի 25-ի` վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 25-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց «115 լսարան» անվանումը ստացած ուսանողական շարժման կողմից Թբիլիսիում կազմակերպված՝«Ոչ ոստիկանական ռեժիմին» կարգախոսով բողոքի ակցիայի մասին:

Թեմային անդրադարձան գրեթե բոլոր վրացական մամուլի ներկայացուցիչները: «Interpressnews» պարբերականի հետ զրուցելիս «115 լսարան»-ի անդամ Սանդրո Տաբակիձեն հայտարարել է, թե վերջին տարիներին պետական անվտանգության ծառայության աշխատակիցները իրենց վրա ճնշում են գործադրել, իսկ ընտանիքներին սպառնալիք պարունակող հաղորդագրություններ ուղարկել. «Բողոքի ակցիան անց է կացվում «Ոչ ոստիկակական ռեժիմին» կարգախոսով, ինչը նշանակում է, որ համալսարանը պետք է անհապաղ մաքրվի այսպես կոչված ` «օդեեռներ»-ից և առկա իրավիճակից ելնելով` պետք է հետաքննություն սկսվի: Նաև վերջերս շատ  հաճախ դեպքեր են եղել, երբ պետական անվտանգության ծառայությունները ճնշումներ են բանեցրել «115 լսարան»-ի անդամների վրա, ինչի վերաբերյալ պետք է հետաքննություն իրականացվի»- հայտարարել է Սանդրո Տաբաձեն:

Նույն թեմայի վերաբերյալ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդեց,  թե 4 դեպք է գրանցվել, երբ Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները այցելել են ուսանողների բնակարաններ: Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ ՆԳՆ-ն մեկնաբանություններ չի անում:

Հաջորդ ` առավել քննարկված նորությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումն էր Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմի հետ: «Kvira.ge» պարբերականը` հղվելով կառավարության պաշտոնական տեղեկատվությանը գրեց, որ հանդիպման թեման Վրաստանի և Համաշխարհային բանկի համագործակցությանն է առնչվել: Հանդիպման ընթացքում նաև խոսվել է Վրաստանի տնտեսական կարողությունների և նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին: Վարչապետը Համաշխարհային բանկի նախագահին ծանոթացրել է Վրաստանի կառավարության կողմից ծրագրված`  4 կետից բաղկացած բարեփոխումների ծրագրին: Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայն`  Կառավարության օրակարգում են հարկային բարեփոխումների և ձեռնարկատիրությունների աջակցության ծրագրերը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության համակարգի բարեփոխումները և մասնագիտական կադրերի վերապատրաստումը, բաց կառավարման ամրապնդումը:

Համաշխարհային բանկի ղեկավարը Վրաստանի կառավարության համապարփակ բարեփոխումներին  իր լիակատար աջակցությունն է հայտնել, իր հերթին վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Համաշխարհային բանկը հանդիսանում է առանցքային գործընկեր և շնորհակալություն հայտնել Ջիմ Յոնգ Կիմին՝ Վրաստանին տրամադրած աջակցության համար:

Միեւնույն պարբերականից տեղեկանում ենք նաեւ, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա եւ ապա այցելելու է նաեւ հարեւան Հունգարիա: Հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը`  պարբերականը գրում է, որ այցի շրջանակներում Գիորգի Մղեբրիշվիլին կհանդիպի Ռումինիայի և Հունգարիայի` իր գործընկերների հետ, ինչպես նաև կունենա մի շարք այլ հանդիպումներ այդ երկրների ոստիկանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարի պաշտոնական այցը ավարտվելու է ապրիլի 28-ին:

«Frontnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ապրիլի 25-ին հարցազրույց է տվել ֆրանսիական «RFI» ռադիոկայանին, որի ընթացքում հայտարարել է, թե «Ռուսաստանը պետք է ընդունի, որ ավելի շատ արժանապատվություն կբերի հակամարտության խաղաղ լուծումը, քան` պատերազմը : Ռուսաստանը պետք է գիտակցի, որ Վրաստանի համար` Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատողական շրջանների խաղաղ ճանապարհով վերադարձնելուն աջակցելով`  հնարավոր կլինի գործընկերային հարաբերություններ հաստատել տարածաշրջանում»:

Վրաստանի նախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը շարունակում է կարեւոր նպատակ լինել իր երկրի համար: Միեւնույն պարբերականը նաև հրապարակեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը: «Frontnews»-ի փոխանցմամբ`  Թուրքիայի նախագահը իր ցավակցությունն է հայտնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի բարեկամներին: Էրդողանը Պոլսի հայոց պատրիարքարան նամակ է ուղարկել, որտեղ ասվում է, թե Թուրքիան հարգում է Օսմանական հայերի մահվան հիշատակը և կիսում նրանց հարազատների ցավը: Դրա հետ մեկտեղ` Թուրքիայի նախագահը հայերին կոչ է արել «պատմությունը չքաղաքականացնել կտրուկ հռետորաբանությամբ»:

Էրդողանը նշել է, որ թուրք և հայ ժողովուրդները կապված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով: Պարբերականը հիշեցնում է, որ հայկական կողմի համաձայն` Օսմանյան կայսրությունից աքսորի ժամանակ մահացել է 1.5 մլն մարդ: Երևանը` 1915 թվականի զանգվածային սպանությունները ցեղասպանություն է համարում: Նրա դիրքորոշումը կիսում են Եվրախորհրդարանը և 20-ից ավելի երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Ռուսաստանը և Կանադան: Թուրքիան կտրականապես դեմ է այս տեսակետին, ասված է «Frontnews» պարբերականի հոդվածում:

Եւս մի նորություն` Վրաստանի կիրակնօրյա լրահոսից: Ապրիլի 24-ին «Kvira.ge» պարբերականը հաղորդել էր, թե ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ղարաբաղում կրկին կրակոցների ձայներ են լսվել: «Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են հրադադարի ռեժիմի խախտման մասին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ` Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սահմանի ուղղությամբ կրակ են բացել, ինչից հետո հայկական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել: Իր հերթին`  Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը մեղադրել է Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ադրբեջանական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել, ինչի հետևանքով ոչնչացվել է 1 հայկական տանկ»- ասվում է հոդվածում:

Թողնել պատասխան