Առաջարկում են Սահակաշվիլիին Վրաստանում Ուկրաինայի դեսպան նշանակել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքի էլեկտրոնային առաջարկների բաժնում առաջարկություն է հայտնվել՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանում Ուկրաինայի դեսպան նշանակելու վերաբերյալ: Առաջարկությունը կայքում հայտնվել է հունվարի 19-ին, հեղինակը` Օլեգ Երմոխինն է.

«Հաշվի առնելով Վրաստանում բարեփոխումներ իրականացնելու Սահակաշվիլիի մեծ փորձը, ինչպես նաև այն փաստը, որ նա ներկայում Ուկրաինայի քաղաքացի է, առաջարկում եմ Սահակաշվիլիին նշանակել Վրաստանում Ուկրաինայի դեսպանի»,-ասված է տեքստում:

4 օրվա ընթացքում առաջարկությունը 115 մարդ է ստորագրել: Որպեսզի Ուկրաինայի իշխանությունները դիտարկեն առաջարկությունը, պետք է այն երեք ամսվա ընթացքում 25 հազարից ոչ պակաս ստորագրություն հավաքի: Հատկանշական է, որ 2015- ի սեպտեմբերի 1-ին նախագահական կայքում մեկ այլ գրառմամբ առաջարկվում էր Սահակաշվիլիին նշանակել Ուկրաինայի վարչապետ, երեք ամսում այն 31.505 ստորագրություն ուներ:

Հիշեցնենք որ Սահակաշվիլին Պորոշենկոյի կողմից Օդեսայի նահանգապետ նշանակվեց 2015-ի մայիսին, սակայն 2016-ի սեպտեմբերին հրաժարականի դիմում ներկայացրեց և անցավ ընդդիմություն՝ քննադատելով իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարից և բարեփոխումներից  հրաժարվելու համար:

2015-ին Թբիլիսի-Կիև հարաբերությունները սրված էին, Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին դա պայմանավորել էր Սահակաշվիլիին պետական պաշտոն տալու փաստով: Վրաստանի երրորդ նախագահը 2013-ի ընտրություններից հետո հեռացավ երկրից, իսկ երկու տարի անց` Ուկրաինայի քաղաքացիություն ստացավ: Նույն թվականին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ հարուցեց, նույնիսկ դիմեց Կիևին՝ նախկին նախագահին արտահանձնելու պահանջով, սակայն ամեն անգամ բացասական պատասխան ստացավ:

Նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետը և Ուկրաինայի նախագահը հանդիպել են Դավոսի համաշխարհային ֆորումի շրջանակներում: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը, Պորոշենկոն Թբիլիսի այցելելու առաջարկ է ստացել:

Թողնել պատասխան