«Միջին միջանցք». տրանսպորտային մարտահրավերների քննարկում՝ Անկարայում

«Վրացական երկաթուղիներ»-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ, Անկարայում մասնակցել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) կառավարման և գլխավոր ասամբլեայի նիստերին։

Ըստ՝ «Վրացական երկաթուղիներ»-ի տարածած հաղորդագրության՝ «Միջին միջանցքի» մասնակից երկրների երկաթուղային վարչակազմերի, նավահանգստային ենթակառուցվածքների և ծովային փոխադրողների ղեկավարները ներկայացրել են 2023 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունն ու արդյունքները, ինչպես նաև խոսել 2024 թվականի ծրագրերի մասին։ Անկարայում անցկացվել է նաև «կլոր սեղան»՝ նվիրված Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն։

«Միջին միջանցքի» մարտահրավերներին և հեռանկարներին վերաբերող քննարկումներին մասնակցել են միջազգային ինստիտուտների փորձագետներ, բեռների սեփականատերեր, առաքիչներ, Թուրքիայի և «Միջին միջանցքի» երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

«Նշենք, որ այցի շրջանակներում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի երկաթուղիների հիմնադրած Middle corridor Multimodal LTD համատեղ ընկերության ղեկավարության առաջին ընդհանուր ժողովը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ամիսներին նորաստեղծ ընկերության կողմից իրականացվելիք կազմակերպչական և գործառնական անելիքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, «Վրացական երկաթուղիներ»-ի նախագահությամբ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») Գլխավոր ասամբլեայի հերթական աշխատանքային հանդիպումը կայացել էր 2023 թվականի հոկտեմբերին: Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում հավաքվել են Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցքով» փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ​​ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել է 530 հազար տոննայի:

«Միջին միջանցքը» զգալիորեն ամրապնդելու հնարավորություն հայտնվեց 2022 թվականին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ 2022 թվականից եվրոպական առաջատար փոխադրողները՝ դանիական Maersk-ը, ավստրիական Rail Cargo Group-ը, ֆիննական Nurminen Logistics-ը, գերմանական CEVA Logistic-ը և Dutch Rail Bridge Cargo-ն սկսեցին օգտվել «Միջին միջանցքից»: Արդյունքում փոխադրված բեռների ծավալը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ՝ դառնալով 3,2 մլն տոննա։