Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարեց ժամը 17:00-ին հրավիրած հատուկ ճեպազրույցի ընթացքում:

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ղարիբաշվիլին քաղաքականություն է մտել 2012 թվականին «Վրացական երազանք»-ի միջոցով։ Նա մեկ տարի եղել է ներքին գործերի նախարարը, իսկ 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Բիձինա Իվանիշվիլիին։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի վերջը. դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանքի» կառավարություն Գախարիայի վարչապետության օրոք։

Նախաքան Ղարիբաշվիլիի ճեպազրույցը, ասօր՝ ժամը 14:00-ին, տեղի է ունեցել Վրաստանի կառավարության նիստ, սակայն վարչապետը կամ նախարարները հայտարարություններ չեն արել։

Ի դեպ, Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ակտիվացան այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ «Վրացական երազանք»-ի նորացված կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս պաշտոնը զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլին, ով երրորդ անգամ է վերադարձել քաղաքականություն։

Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը երեկ հայտնել էր ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ նաև «Վրացական երազանք»-ի անդամ է, պատասխանելով վարչապետի փոփոխության մասին հարցին, ասել էր, որ «նման շահարկումներ բազմիցս եղել են», և «չեմ կարող մեկնաբանել շահարկումները»։