Կարծախի և Ֆիլիպովկայի գազաֆիկացման հարցը. չիրականացված խոստում

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ախալքալաքում նախընտրական քարոզարշավի բացման ժամանակ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը խոսել է տեղի բնակիչների խնդիրների մասին։

Ավելի ուշ նա սոցցանցում արած հրապարակման մեջ Ֆիլիպովկիի և Կարծախի բնակիչներին խոստացել է լուծել գազիֆիկացման խնդիրը։ «Կարծախում ու Ֆիլիպովկայում գազաֆիկացումը մնում է հիմնական խնդիրը, որը պետք է մոտ ապագայում լուծվի, քանի որ այստեղ շատ դաժան ձմեռ է։ Բնակչության համար նորմալ կենսապայմանների ապահովումը մեր առաջնահերթ նպատակն է»։

«Ալիք մեդիա»-ն հետաքրքրվեց, թե որ փուլում է խոստման կատարման ընթացքը, այս պահի դրությամբ քայլեր ձեռնարկվել են, թե՝ ոչ:

Կարծախը և Ֆիլիպովկան Ախալքալաքում գտնվող փոքր գյուղեր են։ Կարծախը ծովի մակարդակից 1860 մ բարձրության վրա է գտնվում, իսկ Ֆիլիպովկան՝ 1880 մ։ Գյուղերում, որտեղ 800-ից ավելի մարդ է բնակվում, բնական գազ չկա։

Վերոնշյալ ֆեյսբուքյան գրառման մեջ Մանուկյանը խոսել է գյուղերի «դաժան ձմռան» մասին։ Տարածաշրջանի դաժան կլիմայական պայմանների պատճառով տեղաբնակները ամռան առաջին ամսից սկսում են մտածել ջեռուցման մասին։ Ջեռուցման հիմնական միջոցը վառարանն է, սակայն բնակչության մի մասը տները ջեռուցում է աթարով՝ այդպիսով փորձելով գումար խնայել։

Նախկինում տեղական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են գազի խնդրին։

Տեղացիների հետ զրույցի արդյունքում «Ալիք մեդիան» պարզեց, որ Մանուկյանի պատգամավորության 4 տարիների ընթացքում այս խնդիրը չի լուծվել։ Ո՛չ Կարծախը, ո՛չ Ֆիլիպովկան մինչ օրս բնական գազով մատակարարված չեն։

Ուսումնասիրել ենք նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագիծը, որում չկա որևէ տվյալ, որ 2024 թվականին նախատեսվում է գազի մատակարարում։

Մենք փորձեցինք կապ հաստատել Սամվել Մանուկյանի և քաղաքապետարանի հետ, քաղաքապետարանից նաև հանրային տեղեկատվություն հայցեցինք՝ իմանալու, թե արդյոք այս ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, թե՝ ոչ, արդյո՞ք նախատեսվում է խնդիրը լուծել մինչև տարեվերջ։ Չնայած բազմաթիվ փորձերին՝ մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ։ Եթե ​​քաղաքապետարանը կամ Սամվել Մանուկյանը մեզ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրեն, նյութում համապատասխան փոփոխություններ կանենք։

Մինչ այդ, որպես եզրակացություն, կարելի է ասել, որ 2024 թվականի հունվարի տվյալներով Կարծախում և Ֆիլիպովկայում բնական գազ չկա, դրանում համոզվում ենք բնակչության հետ խոսելով։ Ուստի 2020 թվականին Սամվել Մանուկյանի տված խոստումը 4 տարի անց էլ մնում է անկատար։