89 կողմ, 2 դեմ. Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի վարչապետ

Վրաստանի խորհրդարանը վստահություն տվեց կառավարության նոր կազմին, և այս պահից սկսած կառավարությունը ստանձնում է իր իրավասությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ քվեարկեց «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ քվեարկեցին «Քաղաքացիներ» կուսակցության երկու անդամը, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները ձեռնպահ մնացին: 

Կառավարության կազմը հետևյալն է.

  • Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
  • Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
  • Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
  • Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
  • Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
  • Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
  • Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին:  Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի  շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը  և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:

«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին», — խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին: