Ասֆալտապատման աշխատանքներն այս անգամ էլ շրջանցեցին Շահումյանը (տեսանյութ)

Մառնեուլիի տարածաշրջանի  հայաբնակ ամենամեծ գյուղի` Շահումյանի  գյուղամիջյան ճանապարհների մեծ մասը խորհրդային տարիներից այս կողմ ասֆալտի երես չի   տեսել: Տարիների ընթացքում` հատկապես ձնհալներից հետո ճանապարհները շարքից դուրս են եկել, իսկ մեկ տարի առաջ` գազաֆիկացման աշխատանքների ժամանակ, առանց այն էլ ավիրված ճանապարհները քանդել են` գոյացած փոսերն այդպես էլ թողել: Բնակիչներն ասում են` միայն խոստանում են, բայց այդպես էլ չեն սարքում:

Մարդկանց համբերության բաժակը լցվել է հատկապես վերջին մի քանի օրերին, երբ Շահումյանի հարակից ադրբեջանական մի քանի գյուղերի ճանապարհները պետական միջոցներով ասֆալտապատվել են, իսկ Շահումյանի դեպքում` սահմանափակվել են միայն ասֆալտի կարկատաններով ու շեբենով փոսային նորոգումներով: Ինչպես հասկանալի դարձավ տեղում` շուտափույթ ասֆալտապատման առիթը Շահումյանի հարեւան Ծերաքվի գյուղում օգոստոսի 25-28-ը կայանալիք բազմազգ մշակութային փառատոնն է, որին մասնակցելու համար տարբեր երկրների պատվիրակություններ են ժամանելու: Ծերաքվին ևս,  ի դեպ, ամբողջությամբ ասֆալտապատվել է: Պարզ չէ, թե այդ դեպքում ինչո՞ւ է շրջանցվել ըստ էության տարանցիկ համարվող Շահումյանը: Հյուրերն ամեն դեպքում ստիպված են լինելու Շահումյանով անցնել:

2 Շահումյանի  բնակիչներն իրենց մեկնաբանությունն ունեն: Նրանք համոզված են, որ իշխանությունների կողմից  իրենց նկատմամբ ընդգծված կողմնակալ վերաբերմունք կա: Բազմաթիվ մարդիկ, իրար հերթ չտալով`իրենց վրդովմունքն էին արտահայտում. «Եկել են քանդել գազի համար, ջրագծերի համար:  Վերջապես 21-րդ դարում, ո՞ւմ միջոցներով են կատարվելու վերանորոգումները: Այս պատասխանը մենք չունենք: Եթ պատասխանեին, այսպիսի բոյկոտ ժողովուրդը չէր բարձրացնի: Ուղղակի զարմանալի է` եթե Կառավարությունից կամ որևէ կազմակերպությունից գալու են նշելու իրենց միջոցառումը` Ծերաքվիում, ապա  այսքանն տեղն ինչպե՞ս են անցնելու»,— հարց է տալիս շահումյանցի Մեխակ Չոբանյանը:

10Քարուքանդ ճանապարհների վերանորոգումն այս մարդկանց համար դարձել է օդ ու ջրի նման անհրաժեշտ, և  պատճառը ոչ միայն փոշոտ օդն է, անձրևոտ եղանակին ցեխոտ կոշիկներն ու ամառ թե ձմեռ`փոսերը շրջանցող վարորդների փորձությունները. Քանդված ճանապարհների պատճառով շտապ օգնության մեքենան չի կարողանում ժամանակին հասնել ահազանգի հետքերով: Սա արդեն հասցրել է ողբերգության պատճառ դառնալ: Շահումյանցիները չեն մոռանում` ինչպես շտապ օգնության ուշանալու պատճառով ծննդկանի զույգ փոքրիկները վաղաժամ ծննդաբերության պահին մահացան տանը:   Բնակիչներն ասում են` բժիշկներն այնքան են ուշանում, որ հիվանդը հասցնում է ոտքի կագնել, կազդուրվել և անձամբ դիմավորել շտապօգնության մեքենան: Նույն հումորով էլ ասում են, որ անձրևոտ եղանակին առանց երկորդ զույգ կոշիկների` տնից դուրս չեն գալիս:

4Հարցը չլուծվելու դեպքում շահումյանցիները խոստանում են ծայրահեղ միջոցների դիմել, օրինակ փառատոնին ընդառաջ փակել միջանցիկ ճանապարհն ու բոյկոտել միջազգային միջոցառումը: Մեր նկարահանման պահին տեղում բնակիչների հետ զրուցում ու փորձում էին հուսադրել Մառնեուլիի շրջանային ղեկավարության ներկայացուցիչները: Ավելին, նրանք խոստացան, որ հենց հաջորդող օրվանից տեղային նորոգումներ կսկսեն: Սա կարող է ժամանակավոր լուծում դառնալ` մինչեւ կապիտալ ասֆալտապատումը, որի համար պետությունը դեռ պետք է միջոցներ տրամադրի, մրցույթ հայտարարի: Կան բնակիչներ, ովքեր միամտորեն կարծում են, թե պատկան մարմիններն իրենց գյուղի վիճակի մասին պատկերացում չունեն, թե չէ անպայման լուծում կտային:

7Գյուղի պատգամավոր Լյովա Հակոբյանը հակադարձում է. Կառավարությունում քաջ տեղյակ են, ինքն էլ պարբերաբար վերհիշել է տալիս, ասում է` ամենօրյա պայքար ունի այս հարցի լուծման համար: Այդ պայքարում սակայն հաղթողը միայն խոստումներն են: Մարդիկ էլ արդեն հույս չունեն, խոստումներին չեն հավատում: Իշխանությունները փոխվում են, խնդիրները` մնում:

Ճանապարհների հարցն ընդամենը  մեկն է հարցերի անվերջ թվացող շարքից, որոնց կանդրադառնանք նաև առաջիկայում: Հուսահատ գյուղացու համար մեր լրատվամիջոցի ներկայությունը կարծես լավատեսություն բերեց, որ իրենց խնդիրների հետ իրենք մենակ չեն: Հուսադրող է նաև այն, որ մեր ներկայությամբ հնչեցին կոնկրետ ժակմետներ` օգոստոսի 18-ից բարեկարգման աշխատանքներ են սկսվելու: Սրան ևս խոստանում ենք հետևողական լինել, որպեսզի շահումյանցու վերջին հույսը չմարի:

Թողնել պատասխան