Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար դժվար կլինի փոխել ազգանունը

«Առանց վիզայի մուտքի» տեղեկատվական արշավի ժամանակ Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն ասել է, որ արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար ազգանվան փոփոխման գործընթացը պետք է բարդանա: Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել Եվրամիության երկրներում առանց վիզային ռեժիմի պայմանները խախտող քաղաքացիներին վերաբերող օրենսդրությունը: Ծրագրված է նաև խստացնել ազգանվան փոփոխության ընթացակարգը, քանի որ Վրաստանի որոշ քաղաքացիներ, ում ապաստան է տրամադրվում, վերադառնում են հայրենիք, անցնում իրենց հարազատների ազգանվանը, ապա կրկին մեկնում ԵՄ երկրներ:

Փոխնախարարի խոսքերով՝ այս ուղղությամբ իրականացվող լիբերալ քաղաքականությունը պետք է փոխարինել ավելի խիստ տարբերակով: Նա տեղեկացրել է, որ այսուհետ  ազգանվան փոփոխության համար, արտերկրում ապրող անձը, ինչպես նախկինում, կարող է դիմել հյուպատոսություն՝ առանց միջնորդների, սակայն, երբ գործը հասնի որոշում կայացնելուն, անձը պարտավոր կլինի ներկայանալ Վրաստանում պետական ծառայությունների զարգացման գործակալություն և հաստատել՝ ինչ նպատակով է փոխում ազգանունը:

Բարամիձեն ասել է, որ փոփոխության համար հիմք է դարձել վերջերս հնչող մտահոգություններն այն մասին, որ Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում ավելացել է ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների և առանց վիզային ռեժիմի կարգը խախտողների թիվը. «Մենք լուրջ ենք վերաբերվում այս հարցին, քանի որ մեր երկրից ու կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվել մեր քաղաքացիների համար այս արտոնության ձեռքբերման գործում»:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է որոշ փոփոխությունների մշակում: Դրանցից մեկը՝ ազգանվան փոփոխության գործընթացի խստացումն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը, որից հետո այն կուսումնասիրվի խորհրդարանում:

Ներկայում, ըստ վրաստանյան  օրենսդրության, Վրաստանի քաղաքացին կարող է իր ազգանունը փոխել՝ վերցնելով ամուսնունը, ինչպես նաև այլ հարազատներինը, դրա համար անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել անձը և հարազատությունը հաստատող փաստաթուղթ: Գործընթացը տևում է 45 օր, արժենում 55 լարի, ամուսնու ազգանվանն անցնելու դեպքում անվճար է:

Նյութի աղբյուր՝ sputnik-georgia

Թողնել պատասխան