Բողոքի ակցիաները վկայում են Վրաստանում քաղաքական մշակույթի ձևավորման մասին. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով Խորավայի փողոցում անչափահասների սպանության արդար հետաքննության պահանջով սկսված բողոքի ակցիաները ևս մեկ անգամ հաստատում են վերջին տարիներին Վրաստանում քաղաքական մշակույթի առաջընթացի մասին: Այս մասին Կոբախիձեն ասել է՝ ի պատասխան Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպմանը հնչած հարցին։

«Բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ Վրաստանում ոչ միայն քաղաքացիական հասարակությունն է զարգացել, այլ նաև քաղաքական մշակույթ է ձևավորվել: Այս տեսանկյունից անցյալում ունեինք լուրջ խնդիրներ: Այն ժամանակ ակցիաների և հանրության բողոքի արդյունքում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական չէր տա: Բողոքի ակցիաների հիմնական պահանջը հետաքննության ճիշտ ընթացքն էր: Ցուցարարները կարծում էին, որ հետաքննության վրա ճնշումներ են գործադրվել: Հենց բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տվեց գլխավոր դատախազը: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք քաղաքական մշակույթում կարևոր առաջընթաց ենք գրանցել»,-հայտարարել է Կոբախիձեն:

Վերջում Կոբախիձեն հավելել է, որ սպանության գործով խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որտեղ ընդդիմությունը մեծամասնությունն է, ևս մեկ անգամ հաստատում է, որ իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի: Այս մասին հաղորդում է 1TV.ge-ն։

Թողնել պատասխան