Բողոքի ցույցերին պետք է քաղաքական ուղղվածություն տալ. Նաթելաշվիլի

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին նոր համազգային շարժում սկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել: Նա Արևմուտքին կոչ է արել սառեցնել նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հաշիվները:

Բացի այդ, Նաթելաշվիլին ասել է, որ այս օրերին Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ցույցերին պետք է քաղաքական ուղղվածություն տալ․ «ռեժիմը չի հագենում երիտասարդների սպանություններով, այժմ անցել  է սպանված երեխաների ծնողների հալածանքին»:

«Մեր ժողովուրդը այս ամենին ի պատասխան պետք է համախմբվի, սկիզբ դնի համազգային նոր շարժման, որի արդյունքում կտապալենք տիրող ռեժիմն ու նոր ընտրություններ կսկսենք: Ես խորհրդակցություններ եմ սկսում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին սառեցնել համաշխարհային բանկերում Իվանիշվիլիի միլիոնները, որոնց մեծ մասը մեզանից է գողացված»,-ասել է Նաթելաշվիլին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանի աղմկահարույց որոշումից հետո սպանված դպրոցականներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, բողոքի ակցիաներ է սկսել, որին միացել են բազմաթիվ համախոհներ, ինչպես նաև քաղաքական ուժեր։

Թողնել պատասխան