Բորջոմիում քամու պատճառով կրակի նոր օջախներ են հայտնվել. Կվիրիկաշվիլի

-Օրվա երկրորդ կեսից դժվար եղանակային պայմանների պատճառով կրակի օջախներ կան, որոնք վերահսկողության տակ են,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետի խոսքերով, ամբողջ օրվա ընթացքում կրակը մարելու համար աշխատել է ինչպես ավիացիան, այնպես էլ կենդանի ուժ:

«Օրվա երկրորդ կեսից, չնայած մեր դրական ակնկալիքներից, կլիմայական պայմանները վատթարացել են: Ուժեղ քամի էր, այդ պատճառովն հրդեհի մի քանի օջախ ավելի է ուժգնացել: Այս պահին իրավիճակը վերահսկելի է: Բնակչությանը վտանգ չի սպառնում: Փորձում ենք գիշերվա ընթացքում շարունակել աշխատել ծանր տեխնիկայով, որպեսի պատրաստ լինենք առավոտվան, երբ կշարունակենք աշխատանքները ավիացիայի օգնությամբ: Գիշերվա ընթացքում կշարունակվի շտաբի աշխատանքը եւ առավոտյան ավելի պարզ պատկեր կունենանք»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքով, այս պահին կրակի՝ բնակելի վայրերի ուղղությամբ տարածվելու վտանգ չկա:

«Շատ բան կախված է քամուց: Այս պահին տարածման վտանգ չկա, սակայն անհրաժեշտ է ծանր տեխնիկայով ինտենսիվ աշխատել, որպեսզի հասնենք այրվող վայրերին և հանգցնենք այն»,- հայտարարել է վարչապետը:

Նշենք, որ Բորջոմիի անտառում գիշերվա և վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռների աշխատանքը դադարեցվել է մինչև լուսաբաց: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության տեղեկացմամբ՝ ուղղաթիռների աշխատանքը կվերսկսվի վաղ առավոտյան: Բորջոմիի հրդեհի 4-րդ օրվա ընթացքում աշխատել է 6 ուղղաթիռ՝ վրացական, թուրքական, ադրբեջանական և բելառուսական:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կրակը կարող է կապված լինել դիվերսիայի հետ, վարչապետը պատասխանել է, թե` իր գործը չէ հրդեհի վերաբերյալ վարկածներ քննարկել:

«Իմ գործն այն է, որ հնարավորինս կարճ ժամանակում նվազագույնի հասցնենք աղետի հետևանքները»,- հավելել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան