Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Գիորգի Կվիրիկաշվիլիին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին Թբիլիսիում, այս մասին տեղեկանում ենք Կվիրիկաշվիլիի ֆեյսբուքի պաշտոնական էջից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի տարանցիկ միջանցքով բեռնափոխադրումների և մայրուղիների վիճակին առնչվող հարցեր: Կողմերը խոսել են Վրաստանի «E-60» տարանցիկ միջանցքային ճանապարհի մասին, ինչպես նաև Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղիների մասին:

Կողմերը նշել են, որ Հայաստանից` Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու առավել արդյունավետ եւ օպտիմալ տարբերակը Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գուգութի ուղղություններն են: Հանդիպմանը քննարկվել է նաև Խաշուրի-Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի` Հայաստանի սահման տանող հատվածի զարգացման ներուժը:

Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեն:

Լուսանկարը` Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան