Գանդիի օրերը` Թբիլիսիում

Թբիլիսիի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Վրաստանում Մահաթմա Գանդիի օրերի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր  «Գանդի» հիմնադրամի, Վրաստանի նախագահի  պահուստային հիմնադրամի և Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի աջակցությամբ: Կոնֆերանսին ներկա էին ինչպես Վրաստանի դիվանագիտական կորպուսի,  այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը  բացման խոսքով հանդես եկավ    Վրաստանում  «Գանդի»  հիմնադրամի խորհրդի նախագահ  Իրակլի Կակաբաձեն, ով նախ ողջունեց ներկաներին այնուհետև ավելացրեց.  «Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ  լինենք դրան  և սովորենք ապրել առանց բռնության: Քանի անգամ  մենք զենք ենք վերցրել, պարտվել ենք , քանի անգամ մեր երկրի նկատմամբ զինվել ենք  սիրով,  ինչպես Իլիա Ճավճավաձեն, Վաժա Փշավելան և Մերաբ Կոստավան, հաղթել ենք»:

13872743_1570179206625371_5098537004067060504_nՄիջոցառմանը ներկա էր խորհրդարանական  մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաճանտիրաձեն, ով «Ալիքի»  հետ զրույցում  վստահեցրեց,  որ նման միջոցառումները կնպաստեն վրաց-հնդկական հարաբերությունների զարգացմանը.

«Վրաստանում առաջին անգամ են նշվում Գանդիի օրերը: Միջոցառմանը մասնակցում  են  ինչպես ներկայացուցիչներ Վրաստանից և Հնդկաստանից,  այնպես էլ մեր հարևան երկրներից՝ Հայաստանից և Ադրբեջանից: Անփոխարինելի է Գանդիի դերը խաղաղ ճանապարհներով խնդիրների լուծման ավանդույթ ձևավորելու մեջ: Բարեբախտաբար, 2010 թվականից մենք ունենք դեսպանատուն Հնդկաստանում: Հուսով ենք` մոտ ապագայում Հնդկաստանը  նույնպես կունենա իր դեսպանատունը Վրաստանում, որը շատ կարևոր քայլ կլինի համագործակցության զարգացման համար»:

Վրաստանում Մահաթմա Գանդի հիմնադրամի գործադիր տնօրեն Շորենա Աբրամիշվիլին խոսեց միջոցառման նպատակների մասին.

«Գանդիի օրերի առիթով  Վրաստանում է գտնվում Հնդկաստանից ժամանած  պաշտոնական պատվիրարկությունը, որոնց  թվում է Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարարը, այլ պաշտոնյաներ և գործարարներ: Միջոցառման նպատակը տարածաշրջանում գանդիական սկզբունքների հաստատելն է`  հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Այն ունի նաև կրթական նպատակ, որը նախատեսում է  կոնֆլիկտաբանության ոլորտում ավելացնել Հնդկաստանի ներգրավվածությունը»:

Հնդիկ  դիվանագետ Աշոկ Սաջջանհարը, ով ժամանկին դեսպանի պաշտոն է զբաղեցրել Ղազախստանում, Շվեդիայում և  Լատվիայում,  «Ալիքի» հետ զրույցում խոսեց միջոցառման նշանակության մասին.

13866992_1370101099686700_1532393461_n«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է ամբողջ աշխարհում աճում բռնությունը,  կարող եմ վստահորեն  ասել, որ այս նախաձեռնությունը անչափ կարևոր է: Ամեն օր մենք լսում ենք նորանոր ահաբեկչությունների մասին` աշխարհի տարբեր անկյուններում: Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար հարկավոր է նոր գաղափարախոսություն: Մահաթմա Գանդիի փիլիսոփայությունն ու գաղափարարխոսությունը խաղաղության պահպանման և բռնություն չկիրառելու մեջ է: Դա այն է ինչի կարիքն այսօր բոլորս  ունենք:  Չնայած նրան, որ Վրաստանն ու Հնդկաստանը  համագործակցության մեծ պատմություն ունեն, վերջին  20 տարիներին երկուստեք հարաբերություններն այդքան էլ դինամիկ չեն ընթացել: Հուսով եմ` նման միջոցառումները կնպաստեն հարաբերությունների զարգացմանը»:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի մեծ առաջնորդի գաղափարները տարածող հիմնադրամը` «Գանդին»  Վրաստանում գործում է 2014, իսկ Հայաստանում` 2015թվականից:

Թողնել պատասխան