Գերմանիան կես միլիոն եվրո է հատկացրել ՆԱՏՕ-Վրաստանի համար

«ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը (SNGP) Գերմանիայի համար կարևոր գործիք է՝ ՆԱՏՕ-ի հետ հետագա մերձեցման նպատակով Վրաստանին կայուն  օգնություն ցուցաբերելու համար»,-ասված է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունում: Դեսպանությունն ընդգծում է, որ Բեռլինն ապագայում ևս թե ֆինանսապես, թե անհատապես ակտիվորեն օգնելու է Վրաստանին՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհին: ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը նախորդ տարվա դեկտեմբեր 6-ին Բրյուսելում 500 հազար եվրո հավելյալ օգնության համաձայնություն է տվել՝ Վրաստանում SNGP- շրջանակներում նախագծերի իրականացման համար:

«Դեռևս 2016-ին Գերմանիան 500 հազար եվրո էր հատկացրել՝ Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության ինստիտուցիոնալ դպրոցի հիմնման համար: Նոր հատկացված գումարների մի մասն ուղղվելու է նշված դպրոցի զարգացմանը: Ընդհանուր գումարից 202.198  եվրո ծախսվելու է Կրծանիսիի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնի գործածման համար»,-հաղորդում է դեսպանությունը:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-Վրաստան ինստիտուցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994-ին, երբ երկիրը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից: 2008-ի ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վեհաժողովում հաստատվեց, որ Վրաստանն ապագայում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ ալյանսի չափանիշներին համապատասխանելու պայմաններում: 2014-ին Ուելսում ՆԱՏՕ-ի վեհաժողովին հաստատվեց

ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը, որը միջոցների և նախաձեռնությունների փաթեթ է՝ ուղղված Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցությանը: SNGP-ն ենթադրում է աջակցություն՝ պաշտպանության և անվտանգության 13 տարբեր ոլորտներում: Ծրագիրը ներառում է պաշտպանական ներուժի ռազմավարական մակարդակ, միջազգային զորավարժություններ, փոխներգործության հնարավորությունների բարելավում:

Թողնել պատասխան