Կվիրիկաշվիլին մեկնում է ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-23-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ նահանգներում, որտեղ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ կբացի ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստը:

Կվիրիկաշվիլին կմասնակցի նաև Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի և The Heritage Foundation-ի կազմակերպած ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ամենամյա գիտաժողովին:

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ-ի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

Մայիսի 23-ին վարչապետը կմասնակցի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտում անցկացվելիք Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ են մեկնում  էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական Թեդո Ջափարիձեն:

Թողնել պատասխան