Գիորգի Կվիրիկաշվիլի. «Բազմազանությունն է երկրի հարստությունը»

Վրաստանի վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ դնել քաղաքական դիմակայությանը, և երկիրը պետք է միավորվի, որպեսզի հաջորդ չորս տարիները պատմական դառնան Վրաստանի համար: Այս մասին նա հայտարարել է Նինոծմինդայում`  բնակչության հետ հանդիպման ժամանակ: Գիորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք»-ի կողմնակիցներին ներկայացրել է  իր գլխավորած  կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված  Հենզել Մկոյանին:

«Ապագա չորս տարիների համար մենք կազմել ենք երկրի արագ մոդերնիզացիայի ծրագիր, որպեսզի մեր ենթակառուցվածները, առաջին հերթին տարանցիկ և շրջանային ենթակառուցվածքը,  համապատասխանեն ժամանակակից ստանդարտներին: Կրթական համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի բարձրագույն կրթությամբ երիտասարդները միանգամից անցնեն աշխատանքի և ժամանակ ու միջոցներ չծախսեն ավելի քիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա: Նմանապես կարևոր են մեր ձեռնարկած տնտեսական բարեփոխումները», – նշել է վարչապետը:

Ելույթի ավարտին «Վրացական երազանք»-ի ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել Վրաստանի էթնիկ բազմազանության վրա և հայտարարել է, որ հենց բազմազանությունն է երկրի հարստություններից մեկը:

Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան