Դրական ֆոն հայ-վրացական հարաբերություններում․ Հայաստանում քննարկվում են նախագահի և վարչապետի վրաստանյան այցերը

Հայաստանում վերջին 2 ամիսների ընթացքում տեղի ունեցած դեպքերը, երբ ժողովուրդը փողոցային պայքարի շնորհիվ հասավ իշխանափոխության, մեծ հետաքրքրությամբ հետևել են Վրաստանում և եթե նախկինում Հայաստանը Վրաստանի իշխանության և բնակչության տեսլականի մեջ չկար, ապա այսօրվա դրությամբ մենք այնտեղ կանք։ Այս կարծիքին է վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Փորձագետն այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 26-27-ը Վրաստան կատարած և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 30-31-ը կատարելիք այցելություններին։

Ըստ Մելիքյանի՝ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան կարևոր էր միջպետական հարաբերությունների տեսանկյունից։

«Շատ կարևոր հանդիպումներ եղան Թբիլիսիում գտնվող արտասահմանցի ղեկավարների հետ։ Կարևոր էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը, որը շատ դրական լուսաբանեց մամուլը»,-ասաց Մելիքյանը՝ կարևորելով նաև Սարգսյանի հանդիպումը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Ըստ Մելիքյանի՝ դրական ֆոն է ստեղծվում հայ-վրացական հարաբերություններում, նույնիսկ հասունացել է հարաբերություններն էլ ավելի խորացնելու և նոր փուլ մտնելու հնարավորությունը․

«Այդ դրական ֆոնի վրա վաղը տեղի կունենա նաև պաշտոնական այց` նորընտիր վարչապետի և հայկական պատվիրակության։ Օրակարգը լինելու է հագեցած»։

Ըստ փորձագետի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից և այդ երկրի արձագանքից հետո պարզ կդառնա՝ պատրա՞ստ են, արդյոք, Հայաստանի հետ հարաբերություները խորացնել:

«Իմ տեղեկությամբ, հնարավոր է Փաշինյանն այցելի նաև Ջավախք: Դա շատ կարևոր մեսիջ կլինի: Կարելի է սպասել, որ վարչապետի այցից հետո որոշ քայլեր կարվեն»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ բարձրաստիճան այրերի մակարդակով այցելություն Ջավախք չի եղել։

Թողնել պատասխան