Խարտիան հակահայկական տեսանյութեր տարածելու վերաբերյալ որոշում է կայացրել

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան, Դավիթ Ճիճինաձեն և «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանն ընդդեմ «Պիրվելի արխի»-ի, իշխանամետ TV Imedi-ի և POSTV-ի գործով որոշում են կայացրել:

Խարտիան պարզել է, որ «Պիրվելի արխի»-ն, իշխանամետ TV Imedi-ն և POSTV-ն խախտել են խարտիայի 1-ին սկզբունքը, իսկ TV Imedi-ն և POSTV-ն Լաշա Արսենիձեի հայաֆոբ հայտարարության այդ ձևով լուսաբանումը համարել է խտրականություն և խարտիայի 7-րդ սկզբունքի խախտում։

Ըստ խարտիայի՝ վիճարկվող նյութերում չի երևում, որ լրագրողը տարանջատում է տվյալ անձի հայտարարությունները, նաև չի պարզաբանում, որ նյութն էթնիկական խտրականություն է պարունակում:

Լրագրողները Լաշա Արսենիձեին ներկայացնում են որպես «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը՝ կոչելով՝ «Տրիբունա կուսակցության անդամ», ինչը, ըստ դիմումատուի՝ չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողը Դավիթ Ճիճինաձեի հետ կապ հաստատելու և նրա հետ տեղեկությունը ճշտելու, նրա մեկնաբանությունը ստանալու փորձ չի արել:

Ի դեպ, մայիսի 14-ին սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութեր են տարածվել: Ուշագրավ է, որ նշված տեսանյութերն իրենց էջերում պատրաստակամորեն տեղադրել են իշխանական երկու մեդիաները՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»: TV Imedi-ն անգամ ազդագիր է տեղադրել, որտեղ նշել է, որ տեսանյութերում պատկերված անձը  Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» քաղաքական շարժման առաջնորդներից է:

Հարկ է նշել, որ ըստ «Տրիբունա» կուսակցության պաշտոնական կայքի՝ տեսանյութում պատկերված անձը՝ Լաշա Արսենիձեն, կուսակցության անդամների ցանկում չկա:

Ավելին՝ ստորև նյութում.

Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել