Նախագահը ցավակցել է Ռուռուայի ընտանիքին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել ու իր ցավակցություններն է հայտնել Նիկա Ռուռուայի ընտանիքին: Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Ռուռուայի դին գտնվել էր իր բնակարանում դեկտեմբերի 4-ին:

«Նիկան իմ ընկերն էր: Շատ ուժեղ անձնավորություն էր… մարդ, ում հետ փոխհարաբերությունների բոլոր փուլերում անչափ հետաքրքիր է եղել: Նիկան մշակույթի նախարարների մեջ էլ առանձնանում էր», — լրագրողների հետ զրույցում ասել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք՝ Նիկա Ռուռուան Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի անդամ էր: Եղել է խորհրդարանի պահպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ և իրավաբանական հանձնաժողովի անդամ:

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում, 2009 թվականին, Ռուռուան Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարն է եղել: