Վարչապետի խոսքով՝ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն: Նրա խոսքով, դա կապված է «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո սպասվող քայլերի հետ։

Կոբախիձեն նշել է, որ իրեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագրով են սպառնացել:

«Նույնիսկ տևական շանտաժի ֆոնին սպառնալիքն ապշեցնող էր, որ հնչեց եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Մասնավորապես, ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկեց մի շարք քայլեր, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները՝ թափանցիկության օրենքի վետոն հաղթահարելուց հետո, և այդ քայլերը թվարկելիս նա ասաց. «Տեսա՞ք Ֆիցոյի հետ ինչ եղավ, պետք է շատ զգույշ լինեք»»,- գրել է Կոբախիձեն։

Նա շարունակել է. «Թափանցիկության մասին օրենքի հետ կապված շանտաժի համատեքստում եթե նշում են օրեր առաջ ահաբեկչի կողմից հարձակման ենթարկված Սլովակիայի վարչապետին, որն այս պահին բուժման շրջանում է, դա մեզ համար չափազանց մտահոգիչ է»:

Կոբախիձեն Ֆիցոյի վրա հարձակումը կապում է «Գլոբալ պատերազմի կուսակցության» հետ. «Ռոբերտ Ֆիցոյին սպանելու փորձի հետ անցկացված զուգահեռը մեզ հիշեցնում է, որ ի դեմս գլոբալ պատերազմի կուսակցության` մենք գործ ունենք չափազանց վտանգավոր ուժի հետ, որն ամեն ինչ կանի Վրաստանում քաոս առաջացնելու համար»:

Հիշեցնենք. մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա գյուղում կառավարության նիստի ավարտից հետո Ռոբերտ Ֆիցոն մոտեցել է կառավարության ղեկավարին ողջունող մարդկանց։ Այդ պահին կրակել են նրա վրա։

Ֆիցոյի դեմ մահափորձի կասկածյալը, ըստ տարբեր աղբյուրների, 71-ամյա սլովակ գրող և բանաստեղծ Յուրայ Ցինտուլան է: Ըստ ականատեսի, հարձակվողը ձայնել է վարչապետին և քայլել դեպի նա՝ ենթադրաբար ձեռքը սեղմելու համար, այդ պահին հնչել են կրակոցներ։ Մահափորձից անմիջապես հետո կասկածյալը ձերբակալվել է։