ՄԻԵԴ-ը Սաակաշվիլիի քրգործում խախտում չի հայտնաբերել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ մայիսի 23-ին, հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով որոշումը։

Նախկին նախագահը Ստրասբուրգ դիմում է ներկայացրել վրացական դատարաններում իր դեմ կայացված երկու վճիռների վերաբերյալ։ Դա կապված էր պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեպքերի հետ։

  • ՄԻԵԴ-ը համարել է, որ Սահակաշվիլիի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (դ) ենթակետի (արդար դատավարության իրավունք/վկաներին ներկա գտնվելու և հարցաքննելու իրավունք) խախտում չկա:
  • Ստրասբուրգի դատարանը նաև որոշել է, որ չի խախտվել Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը (օրենքից դուրս՝ ոչ մի պատիժ):
  • ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել նաև Սաակաշվիլիի բողոքը 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ (իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակ)։

Ի դեպ, բողոքում Սաակաշվիլին նշել էր, որ 2018 թվականի հունիսի 28-ին իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը՝ վեց տարվա ազատազրկում, նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործով, հիմնված է չճշտված ապացույցների վրա։

Իսկ ահա Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածների համաներման պատճառով նշանակված երեք տարվա ազատազրկման առնչությամբ Սաակաշվիլին իր բողոքում նշել է, որ պատիժը հիմնված է չստուգված ապացույցների վրա, ինչով էլ հերթական անգամ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածները։ Բացի այդ, բողոքում նշվում է, որ գործով դատավորը անկախ և անաչառ չի եղել։

18-րդ հոդվածի հիման վրա Սաակաշվիլին բողոքել էր, որ իրեն հետապնդում են քաղաքական հողի վրա, և իշխանություններն իր դեմ օգտագործում են քրեական արդարադատության մեխանիզմը։