Մենք ոչինչ չէինք խոստացել. մեծամասնական պատգամավոր

Վրաստանի խորհրդարանի անդամ, Մցխեթայի մեծամասնական պատգամավոր Դիմիտրի Խունդաձեն հայտարարել է, թե իշխող կուսակցությունն ընդդիմության հետ համաձայնություն չի կնքել և ոչինչ չի խոստացել: Այս մասին Խունդաձեն ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում` խոսելով ընտրական համակարգի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ, ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հանրությանը վստահեցրել էր, որ 2020 թվականի ընտրություններն ամբողջովին համամասնական կարգով են տեղի ունենալու: Հատկանշական է այն, որ գրեթե նույնն էր հայտարարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ: Սակայն «Վրացական երազանքի» ներքին տարաձայնությունների արդյունքում չընդունվեց 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու օրինագիծը։ Ընդդիմությունը սա Իվանիշվիլիի թատրոն անվանեց ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցային պայքարի։ 20 ընդդիմադիր ուժեր ու  քաղաքացիական ակտիվիստներ փակեցին Ռուսթավելի պողոտան ու Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը։ Ամենամեծ ակցիան անցկացվեց երեկ՝ նոյեմբերի 18-ին։

«Այս երկիրը փորձադաշտ չէ: Մենք դժգոհություններ ունեինք համամասնական ընտրակարգի հետ կապված: Գլխավոր խնդիրն այն էր, որ ոչ ոք չէր կարող բացատրել, թե ինչպես ենք խուսափելու կոալիցիոն կառավարությունից բխող անկայուն միջավայրից: Մեզ միայն ասում էին, թե մենք խոստացել ենք: Ցանկանում եմ ասել, որ ես որևէ մեկին որևէ բան չեմ խոստացել: «Վրացական երազանքը» նույնպես չի խոստացել»,- հայտարարել է Խունդաձեն: