Վրացական գինին ներկայացված է Չինաստանի միջազգային ցուցահանդեսում

Վրացական գինի արտադրող 27 ընկերություն մասնակցում է Չինաստանի Չենգդու քաղաքում մարտի 21-23-ն անցկացվող գինու և սննդի միջազգային ցուցահանդեսին։

Գինու ազգային գործակալության նախաձեռնությամբ և աջակցությամբ վրացական գինի արտադրող ընկերություններն արդեն 5-րդ տարին են մասնակցում ցուցահանդեսին, որն անցկացվում է 1955 թվականից:

Նախորդ տարիների նման վրացական գինի արտադրող ընկերություններն այս տարի ևս համագործակցության առաջարկներ են ստացել, ձեռք են բերվել արտահանումը խթանելու նոր պայմանագրեր, բանակցություններ են սկսվել ներկրողների հետ:

Չինաստանը վրացական գինու ռազմավարական շուկաներից է և վրացական գինի արտահանող երկրների հնգյակում է: Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների տվյալներով, Չինաստան է արտահանվել 600 հազար շիշ գինի, ինչը 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: