Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել

Մայիսի 14-ին սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութեր է տարածվել:

Ուշագրավ է, որ նշված տեսանյութերն իրենց էջերում պատրաստակամորեն տեղադրել են իշխանական երկու մեդիաները՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»: TV Imedi-ն անգամ ազդագիր է տեղադրել, որտեղ նշել է, որ տեսանյութերում պատկերված անձը  Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» քաղաքական շարժման առաջնորդներից է:

Հարկ է նշել, որ ըստ «Տրիբունա» կուսակցության պաշտոնական կայքի՝ այս պահին տեսանյութում պատկերված անձը՝ Լաշա Արսենիձեն, կուսակցության անդամների ցանկում չէ:

Տեսանյութերի տարածումից հետո «Տրիբունա» քաղաքական շարժումը հայտարարություն տարածեց` ընդգծելով. «Մայիսի 14-ին սոցիալական ցանցերում տարածվել է «Տրիբունա» քաղաքական շարժման տարբերանշանով տեսանյութ, ինչը ոչ մի կապ չունի մեր կուսակցության գաղափարախոսության կամ դիրքորոշման հետ»:

«Տրիբունա»-ն նշել է՝ առանձին մարդկանց դիրքորոշումն իրականում չի ներկայացնում կուսակցության դիրքորոշումը: Ընդհակառակը, իրենք անընդհատ շեշտում են Վրաստանի բազմազանությունը, բազմամշակութայնությունը, որը երկրի ամենամեծ հարստությունն են համարում, իսկ այդ դիրքորոշումը չընդունողները տեղ չունեն իրենց կուսակցության շարքերում։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, «Ալիք Մեդիա»-ին ասաց, որ Արսենիձեն, հավանաբար, գիտակից վիճակում չէ, քանի որ նրա խոսքերի մեջ բացակայում է տրամաբանական կապը, բացակայում է որևէ «օրակարգ»: Ըստ Թումասյանի՝ Արսենիձեի խոսքերից հստակ չի հասկացվում թե՝ ինչի հետ է կապված այդ պահվածքը կամ ինչի մասին է խոսքը:

Թումասյանն ընդգծում է՝ այս դիրքորոշմանը, բնականաբար, համամիտ չէ Դավիթ Ճիճինաձեի կուսակցությունը, քանի որ Թբիլիսիի հայ համայնքը շատ լավ գիտի Ճիճինաձեի գործունեության և հայ համայնքի հետ նրա ունեցած բարիդրացիության մասին:

«Այն փաստը, որ Արսենիձեն ջնջեց այդ տեսանյութերը սոցիալական ցանցերից, բայց դրանից հետո այդ տեսանյութը հայտնվեց TV Imedi-ի և POSTV-ի էջերում, ու դրանից հետո չտարածվեց Ճիճինաձեի հերքումը՝ անկհայտ է դարձնում, որ սա իշխանության կողմից արշավ է Դավիթ Ճիճինաձեի դեմ»,- ասաց Թումասյանն ու ընդգծեց՝ այս տեսանյութը մինչ իշխանական մեդիաների տարածումն ավելի քիչ դիտում ուներ:

Ըստ Թումասյանի՝ այդ տեսանյութի տարածումն առավել հակահայ և վնասակար քայլ է, ինչն էլ արեցին TV Imedi-ն և POSTV-ն: Նրա խոսքով, վերջիններս իրենց տարածած տեղեկություններում չեն նշում իսկական տարածողին՝ Լաշա Արսենիձեին, այլ գրում են՝ «Դավիթ Ճիճինաձեի կուսակցության առաջնորդներից մեկը»՝ չտալով անգամ այդ առաջնորդի անունը, ինչն էլ, Թումասյանի խոսքով, Արսենիձեի փոխարեն թիրախավորում է Դավիթ Ճիճինաձեին:

Ըստ Թումասյանի` այդ քայլը Վրաստանում հայատյացության ևս մեկ դրսևորում է: Թումասյանը չի բացառում, որ դա կարող է լինել նախորոք պլանավորված սադրանք` Վրաստանում հայատյացություն քարոզելու և փոքրամասնությունների դեմ օրակարգը զարգացնելու նպատակով, ինչը իշխանական ծրագիր է:

«Կարող է լինել նաև ընդդիմադիր դիրքերից գործող Դավիթ Ճիճինաձեի դեմ ուղղված արշավ, քանի որ նա շատ լավ հարաբերություններ ունի էթնիկ փոքրամասնությունների հետ, և վերոնշյալ տեսահոլովակի հայտարարությունները հարվածում է հենց նրան: Հաշվի առնելով այս ամենը, ես կարծում եմ, որ դա ոչ միայն հայ համայնքի դեմ է, այլև Ճիճինաձեի դեմ է: Եվ սրա դեմ լավագույն քայլը կլինի Ճիճինաձեի և հայ համայնքի միջև երկխոսության շարունակությունը»,- եզրափակեց Թումասյանը: